ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձը արտակարգ դրության վերաբերյալ

16.03.2020

Հարգելի երևանցիներ, հարգելի հայրենակիցներ,

արդեն տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետությունում, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով, արտակարգ դրություն է հայտարարել:


Համաձայն այդ որոշման՝ մի շարք սահմանափակումներ են գործելու մեր երկրում: Ուզում եմ հատուկ տեղեկացնել, որ մենք՝ Երևանի քաղաքապետարանը և համայնքային բոլոր կառույցները, այս օրերին շարունակելու ենք աշխատել՝ կատարելով մեր պարտականությունները և ապահովելով մեր քաղաքացիների կարիքները:

 

Այս ընթացքում մենք մեր համակարգում աշխատող տարեց և քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիներին հնարավորություն ենք տվել աշխատել տանից՝ օնլայն եղանակով։ Նաև սահմանափակել ենք «Մեկ պատուհան» ծառայությունը․ խնդրում եմ ՝ «մեկ պատուհան» այցելել խիստ անհրաժեշտության դեպքում, քաղաքապետարանին ուղղված դիմումները ուղարկել առցանց՝ http://arcanc.yerevan.am/am/fast-app/ հասցեով, պատասխանները ևս կստանաք էլեկտրոնային նամակով։ Բացի դրանից, տեղեկացնեմ, որ այս ժամանակահատվածում դադարեցնում ենք քաղաքապետարանում և վարչական շրջաններում բնակիչների ընդունելությունները։

 

Սիրելի երևանցիներ,

 

խնդրում եմ՝ այս կարևոր ժամանակահատվածում ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն, զգոն լինել, խստորեն պահպանել հիգիենայի կանոնները, առավելագույնս սահմանափակել քաղաքում տեղաշարժը և այլ անձանց հետ շփումների շրջանակը, հետաձգել կամ չեղարկել տոնակատարություններն ու այլ հավաքույթները: Իսկ եթե հավաքույթները հետաձգելու հնարավորություն չկա, կարելի է անցկացնել դրանք տանը՝ ընտանեկան միջավայրում։ Խնդրում եմ նաև զերծ մնալ այլ քաղաքներ մեկնելուց, և ընդհանրապես, հետևել արտակարգ դրության ռեժիմի պահանջներին: Այդ պահանջները ամբողջությամբ հասանելի են համացանցում, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի Yerevan.am պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերի հարթակներում:

 

Կարևոր է նաև հատուկ խնամք ցուցաբերել մեր տարեց հարազատների ու մերձավորների նկատմամբ՝ օգնել նրանց գնումներ կատարելիս՝ հնարավորինս կրճատելով տանից դուրս գալու նրանց անհրաժեշտությունը։

 

Եվ ամենակարևորը՝ խնդրում եմ պահպանել հանգստություն։ Վստահ եմ, որ ինչպես միշտ, միասնաբար, վճռական քայլերով ու իրար օգնելով, մենք ամենակարճ ժամկետներում հաղթահարելու ենք այս դժվարությունը և էլ ավելի ուժեղ ենք դուրս գալու դրանից:

 

Առո՛ղջ եղեք, Աստված մեզ պահապան։

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player