Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը եզդիների Նոր տարվա կապակցությամբ

16.04.2014

Եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,

ի սրտե շնորհավորում եմ ձեզ եզդիների Նոր տարվա՝ Տաուսի Մալակի կապակցությամբ:
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի և այդ ողջ ընթացքում երկուստեք բազում առիթներ ենք ունեցել համոզվելու, որ այն իսկապես անկեղծ ու անշահախնդիր է: Մեր երկիրը հայաստանաբնակ եզդիների համար իրապես հարազատ տուն է, և այդ տեսանկյունից բնավ զարմանալի չէ, որ աշխարհի եզդիները ևս անմասն չեն մնում Հայաստանի, այդ թվում նաև քաղաքամայր Երևանի շենացման ու հզորացման գործում իրենց ներդրումն ունենալու հարցում:
Թե՛ փորձության և թե՛ ուրախության պահին հայերն ու եզդիները մշտապես եղել են կողք կողքի, ինչը գնահատվել ու գնահատվելու է ըստ արժանվույն: Դրա վառ օրինակն է նաև Երևանի ավագանու «Հանրապետական» խմբակցության կազմում եզդի համայնքի ներկայացուցչի առկայությունը, ինչը լավագույնս փաստում է, որ եզդիները լիարժեք ինտեգրված են նաև մեր հասարակությանը հուզող խնդիրների կարգավորման ուղղությամբ որոշումների կայացման գործում:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Տաուսի Մալակի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ և երջանկություն ու բարեկեցություն ձեր ընտանիքներում:


ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

Լուսանկարներ