Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա առթիվ

01.10.2017

Սիրելի համաքաղաքացիներ,
1990 թվականից ի վեր միջազգային հանրությունը հոկտեմբերի 1-ը նշում է որպես Տարեցների միջազգային օր, ինչն, իմ խորին համոզմամբ, երիտասարդ և միջին տարիքի մարդկանց կողմից ավագ սերնդի ներկայացուցիչների հանդեպ հարգանքի արտահայտման կարևոր ամրագրում է:
Վստահ կարող եմ ասել, որ մեր տարեցների, տատիկների ու պապիկների հանդեպ առանձնակի ակնածանքն ու հարգանքը հայերիս մեջ ամրագրված է գենետիկորեն ու սերնդե սերունդ փոխանցվում է որպես հայի ապրելակերպի անբաժան մաս և շատ կարևոր մի բաղադրիչ: Մեր տարեցներն այն անկյունաքարերն են, որոնք հաստատուն են պահում մեր ավանդույթներն ու իրենց հաղորդած փորձով և գիտելիքով, լրացուցիչ լիցքեր են հաղորդում մեզ՝ ձգտելու նորանոր ձեռքբերումների: Հայերիս համար, անշուշտ, հատուկ օրեր անհրաժեշտ չեն, որ արտահայտենք մեր մեծերի հանդեպ սերն ու խոնարհումը: Նրանք մի՛շտ են մեր ուշադրության կենտրոնում:
Սիրելի՛ տատիկներ և պապիկներ,
սրտանց շնորհավորելով ձեզ Տարեցների միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ, որ լինեք առողջ ու միշտ ջերմությամբ շրջապատված: Համոզված եղեք, որ ձեր զավակները, թոռներն ու ծոռները, մենք՝ բոլորս, մշտապես ունե՛նք ձեր կենսափորձից բխող խորհրդի և բարի խոսքի կարիքը: Նաև վստահեցնում եմ, որ ձեզ հուզող խնդիրները միշտ են Երևանի քաղաքապետարանի ու անձամբ իմ ուշադրության կենտրոնում: Եվ մենք շարունակելու ենք անել ամեն ինչ, որ հնարավորին թեթևացնենք ձեր հոգսն ու ստեղծենք անհրաժեշտ պայմաններ՝ ձեր հարմարավետ միջավայրն ապահովելու համար:

 

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

Լուսանկարներ