Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը տարեցների միջազգային օրվա առթիվ

01.10.2014

Սիրելի տարեցներ,

տատիկներ և պապիկներ,

Աշխարհի առաջադեմ երկրներում այսօր նշվում է տարեցների միջազգային օրը: Ու թեև աշխարհում հենց այս օրն է առանձնացված որպես տարեցների տոն, այդուամենայնիվ նրանց նկատմամբ պատկառանքի հասնող հարգանքը, որը մեր ազգային առանձնահատկություններից է, մեր տատիկներին ու պապիկներին մեծարելու և գնահատելու համար մենք մեր ապրած յուրաքանչյուր օրն ենք ընկալում որպես այդպիսին:

Ու գաղտնիք չէ, որ դուք, սիրելի տարեցներ, որտեղ էլ որ լինեք՝ տանը թե դրսում, ընտանիքում թե այլուր, միշտ վայելում եք մեր առանձնակի ուշադրությունն ու հարգանքը: Եվ այդ ամենը դուք վաստակել եք տարիների ձեր փորձով ու իմաստնությամբ, որն այսօր, թեկուզև բարի խորհրդի տեսքով, էլի ու նորից ծառայեցնում եք մեր երկրի ու նաև մեր բոլորի մեծ տան՝ Երևանի զարգացման ու շենացման գործին:
Ինչ խոսք, դեռ բավականին անելիք ունենք, որ կարողանանք թեթևացնել սոցիալական և հոգեբանական այն բեռը, որ կամա թե ակամա կրում եք դուք: Բայցև համոզված եղեք, սիրելի տարեցներ, որ Երևանի քաղաքապետարանն իր հնարավորությունների սահմաններում փորձում է անել առավելագույնը, որ ձեզ համար ապահովի արժանապատիվ կենսապայմաններ: Այդ նպատակով իրականացվում և շարունակվելու են իրականացվել սոցիալական, մշակութային և այլ ուղղություններով բազմաթիվ ու բազմաբնույթ ծրագրեր, որոնց նպատակը մեկն է՝ բարելավել ձեր կենցաղային պայմաններն ու կյանքի որակը: Եվ վստահ եղեք, որ դուք մշտապես Երևանի քաղաքապետարանի և անձամբ իմ ուշադրության կենտրոնում եք ու մենք անում և այսուհետ էլ անելու ենք հնարավորը, որ ապահովենք ձեր անհոգ ծերությունը:
Շնորհավորելով բոլորիդ՝ արևշատություն, հոգատար ու բարի վերաբերմունքով, ընտանեկան ջերմությամբ լեցուն, երկար տարիների առողջ կյանք եմ մաղթում ձեզ:
Երկար ապրեք, սիրելիներս, ձեր խստապահանջությամբ ու խորհուրդներով դուք մեզ շատ եք հարկավոր:

 

Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ

 

 

 

Լուսանկարներ