Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին

01.10.2014

Երևանի քաղաքապետարանի և «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնության՝ «Երևանի մանուկներին» ծրագրի երրորդ՝ վերջին փուլն է մեկնարկել։ Մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամ 17 երեխաներ հիպոթերապիայի, հիդրոթերապիայի մեկական ամիս տևած փուլերից հետո ևս մեկ ամիս մասնակցելու են արտթերապիայի, որի ընթացքում երեխաներն աշխատելու են ավազով ու կավով։ 

«Երբ մեկնարկում էինք նախագիծը, նման արդյունք անգամ չէինք էլ կանխատեսել. ծրագիրը սպասվածից ավելի օգտակար ու հաջողված եղավ։ Անվճար թերապիաները ոչ միայն ֆինանսական օգնություն էին այս երեխաներին միայնակ մեծացնող մայրերի համար, այլեւ ծրագիրն ամբողջությամբ նաև հոգեբանական մեծ օգնություն էր մայրերի համար։ Քաղաքապետարանի այս ծրագրի շնորհիվ մայրերը հոգեբանական շատ խնդիրներ հաղթահարեցին և գործնականում համոզվեցին, որ իրենք այս երեխաների մասին հոգ տանելու դժվար առօրյայում միայնակ չեն։ Հրաշալի ծրագիր էր»,- նշել է «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը։
Ծրագրի արտթերապիայի փուլն անցկացվում է «Հայ մայրեր» կազմակերպության գրասենյակում, որը կրում է «Երազի տուն» անվանումը։ Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը ծրագրի ավարտական փուլի մեկնարկի օրն այցելել է շահառուներին և հայտնել ծրագրի շարունակելիության մասին։
«Ամփոփելով արդյունքները, զրուցելով մայրերի հետ եւ մասնագետների հետ քննարկելով՝ մենք գնահատեցինք ծրագրին հաջորդ տարի ևս աջակցելու կարևորությունը։ Եվ քանի որ նման ծրագրերը ևս Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում են, հաջորդ տարի ծրագիրն առավել ընդգրկուն կլինի»,-նշել է քաղաքապետի օգնականը։
Սամվել Մերթարջյանը «Երազի տուն» այցելած փոքրիկներին նաև «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության խորհրդանշական իրերով փաթեթներ է նվիրել։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ

Տեսնել ավելին