Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը մասնակցել է Ստրասբուրգի բարեկամ քաղաքների ակումբի 15-րդ հավաքին

14.11.2017

Նոյեմբերի 7-10-ը Ստրասբուրգի բարեկամ քաղաքների ակումբի (Strasbourg club) 15-րդ հոբելյանական հավաքին մասնակցելու նպատակով Ֆրանսիա է այցելել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Միքայել Սահակյանը: 

Հարկ է նշել, որ «Strasbourg club»-ին անդամակցում է աշխարհի տարբեր երկրների շուրջ 60 քաղաք: Այս տարի ակումբի աշխատանքների ընթացքում 20 երկրի ավելի քան 30 քաղաքի ներկայացուցիչներ և տասնյակ փորձագետներ քննարկել և լուծումներ են առաջարկել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում առկա մարտահրավերների վերաբերյալ: Թեմաները, մասնավորապես, վերաբերել են «Կանաչ քաղաք»-ի և «Խելացի քաղաք»-ի ժամանակակից մարտահրավերներին և լուծումներին, ինչպես նաև փախստականների և այլ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին:
Ներկայացնելով փախստական դարձած սիրիահայ ընտանիքներին ցուցաբերված աջակցության, ինչպես նաև «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի վերաբերյալ վերջին տարիներին Երևանում կատարած աշխատանքները՝ Միքայել Սահակյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է վերը նշված ուղղություններով ծրագրերի շարունակականության ապահովումը:
Կարևորելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների հարցերի քննարկման և դրանց հնարավոր լուծման համատեքստում այս հարթակի առկայությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնելով Ստրասբուրգի քաղաքապետ Ռոլանդ Ռիեսին հրավերի համար` Միքայել Սահակյանը համոզմունք է հայտնել, որ ստրասբուրգյան ակումբում քննարկվող ծրագրերով հետագայում կիրականացվեն ավելի որոշակի ծրագրեր: Ստրասբուրգի քաղաքապետն իր հերթին ջերմագին ողջույններ է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև Ստրասբուրգ ակումբի նախագահ, Ստրասբուրգի փոխքաղաքապետ տիկին Ռաֆիկ Էլմիրնին երկար տարիների համագործակցության համար և Երևանի քաղաքապետի անունից հրավիրել այցելել Երևան: Իր հերթին շնորհակալություն հայտնելով ակումբի աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու և հրավերի համար՝ տիկին Էլմիրնին վստահեցրել է, որ անպայման կայցելի Երևան:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ