Երևանի քաղաքապետարանի ծրագրով և մասնավոր ընկերությունների կողմից մայրաքաղաքում շարունակվում են թեքահարթակների կառուցման աշխատանքները

28.08.2014

Երևանի քաղաքապետարանի ծրագրով և մասնավոր ընկերությունների կողմից մայրաքաղաքում շարունակվում են թեքահարթակների կառուցման աշխատանքները
Հաշմանդամների ազատ տեղաշարժը ապահովելու նպատակով 2014 թվականի մայիսից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել է հետիոտնային անցումների թեքահարթակների կառուցման ծրագիրը: Եթե նախորդ տարի 20 միլիոն դրամ էր հատկացվել, ապա 2014 թվականին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ համայնքային բյուջեից հատկացվել է 40 միլիոն դրամ: Նախատեսված 200 թեքահարթակներից 100-ն արդեն կառուցվել է` սահմանված բոլոր չափանիշներին համապատասխան: Ընդ որում, դրանց տեղադրման վայրերն ընտրվել են հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների անդամների հետ համատեղ: Թեքահարթակներ կկառուցվեն նաև Երևանի քաղաքապետարանի ծրագրով հիմնանորոգվող 23 փողոցներում: Այդ ուղղությամբ մեկ այլ ծրագիր իրագործվում է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում: Երևանի քաղաքապետարանը մասնավոր ընկերություններին աջակցելու նպատակով նաև թեքահարթակների կառուցման նախագծեր է տրամադրում: Ներկայում գույքագրված 500 մասնավոր կառույցներից 215-ում թեքահարթակների ներկառուցման աշխատանքներն ավարտված են: Թեքահարթակների ներկառուցման շնորհիվ կդյուրացվի նաև մանկասայլակներով անցնող քաղաքացիների տեղաշարժը: Հիշեցնենք նաև, որ Երևանի ավագանու որոշմամբ՝ բազմաբնակարան, բազմագործառույթ և հասարակական տիպի շենքերի նախագծային աշխատանքների համար տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներում ևս, որպես կանոն, պարտադիր պայման է թեքահարթակների կառուցումը:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ