Երևանի քաղաքապետին կից «Երիտասարդության հարցերի խորհրդի» կազմում հասարակական հիմունքներով ընդգրկվելու հրավեր

28.02.2020

Հարգելի համաքաղաքացիներ,

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը հրավիրում է շահագրգիռ բոլոր անձանց՝ հասարակական հիմունքներով ընդգրկվելու Երևանի քաղաքապետին կից «Երիտասարդության հարցերի խորհրդի» (այսուհետ՝ Խորհուրդ) կազմում։

Խորհրդի հիմնական նպատակն է` աջակցել Երևան համայնքի երիտասարդական քաղաքականության մշակմանն ու հասցեավորված և նպատակային իրականացմանը, ինչպես նաև խթանել երիտասարդների, երիտասարդների ոչ ֆորմալ խմբերի և երիտասարդական կազմակերպությունների մասնակցությունը համայնքային կյանքի տարբեր բնագավառներում։

 

Խորհրդի հիմնական խնդիրներն են՝
ա) Երևան համայնքում երիտասարդական քաղաքականության հասցեականության և արդյունավետության բարձրացումը։
բ) Երիտասարդների ակտիվ մասնակցության խթանումը համայնքային երիտասարդական քաղաքականության մշակման, իրականացման և գնահատման գործընթացներում։
գ) Երևան համայնքում բնակվող երիտասարդների խնդիրներին առնչվող համայնքային ծրագրերի և նախաձեռնությունների քննարկումը և համապատասխան ծրագրային և ֆինանսական առաջարկների ներկայացումը Երևանի քաղաքապետին։
դ) Երևան համայնքում բնակվող երիտասարդների կարիքների և երիտասարդներին առնչվող կրթական, առողջապահական, սոցիալ-տնտեսական և այլ խնդիրների քննարկումը և համապատասխան առաջարկների ներկայացումը Երևանի քաղաքապետին։
ե) Երևանում երիտասարդական աշխատանքի, կամավորության և ոչ ֆորմալ կրթության զարգացմանն ու ճանաչմանը միտված աշխատանքների իրականացումը։

 

Խորհրդին կարող են անդամակցել բոլոր այն շահագրգիռ անձինք, ովքեր.
- ունեն տեղական, ազգային կամ միջազգային երիտասարդական աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ,
- ակտիվ գործունեություն և ծրագրեր են իրականացնում Երևանում երիտասարդների աջակցման, զարգացման նպատակով,
- հանդիսանում են երիտասարդական աշխատող, երիտասարդության հարցերի փորձագետ կամ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ,
- տեղեկացված են երիտասարդության ոլորտի մարտահրավերներին, զարգացումներին և միտումներին,
- պատրաստ են հասարակական հիմունքներով իրենց ներդրումն ունենալ Երևանում երիտասարդական քաղաքականության մշակման, իրականացման և գնահատման գործում։

Խորհրդին միանալու համար թեկնածուն պետք է մինչև 2020 թվականի մարտի 10-ը իր ինքնակենսագրականը (CV) ուղարկի sport.acs@yerevan.am էլեկտրոնային հասցեին:
Տեղեկացնում ենք, որ Խորհրդի կազմը սահմանափակ է և վերջնական ընտրությունը կատարվում է Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից՝ վերը նշված չափորոշիչների հիման վրա:
Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 011-514-396 կամ գրել sport.acs@yerevan.am էլեկտրոնային հասցեին։

Լուսանկարներ