Երևանի ոռոգման համակարգի խնդիրների և նախատեսված ծրագրերի մասին

02.09.2019

Երևանի ոռոգման համակարգը շուրջ 470 կմ երկարություն ունի: Խորհրդային տարիներին կառուցվածը գրեթե սպառել է իրեն: Խնդրին համակարգային լուծում տալու նպատակով այժմ իրականացվում է գույքագրում: 

«Այս պահի դրությամբ 7 վարչական շրջաններում գույքագրումն ավարտված է և մենք շարունակում ենք մնացած 5 վարչական շրջաններում աշխատանքը: Դա մեզ հնարավորություն կտա արդեն ընդհանուր պատկեր կազմել, թե ինչ ոռոգման ցանց ունենք Երևանում, և որը միևնույն ժամանակ հնարավորություն կտա ճիշտ որոշումներ կայացնել»,-ասում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյան
Կանաչ գոտիների ոռոգման համար մայրաքաղաքը ջուր է ստանում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերից: Ոռոգման ջրի մատակարարումն ապահովում են «Երևան և Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունները:
Վերջերս քաղաքապետ Հայկ Մարությանը դժգոհություն հայտնեց «Երևան» ջրօգտագործողների ընկերության աշխատանքից՝ ընդգծելով, որ մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման համար ջուր բաց թողնելու խնդիրներ կան:
Ոռոգման ջրի ոչ կանոնավոր մատակարարման հետևանքով հաճախակի խախտվում են ջրամատակարարման ժամանակացույցերը և ջրի ճնշումը:
«Երևանի կիսաանապատային կլիմայի պայմաններում մենք պետք է օրական ջուրը բարձր ճնշման տակ ունենանք: 1 հա կանաչ զանգվածը տարեշրջանի ընթացքում, ըստ գյուղկանոնների, պահանջում է շուրջ 12-13 հազար խմ ջուր, այնինչ մայրաքաղաքի ներկայիս պայմաններում, առավել ևս այս տարի, այդ ծավալը 5-6 հազար խմ-ից չի անցնում»,- ասում է քաղաքի գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանը:
Քանաքեռ ՀԷԿ-ի ճնշումային խցից է բաց թողնվում մայրաքաղաքի Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների ոռոգման ջուրը:
Երևանի քաղաքապետարանը «Երևան» ջրօգտագործողների ընկերության հետ համատեղ մի շարք ծրագրեր է նախատեսում, որոնք հնարավորություն կտան լուծելու սկզբնաղբյուրից վարչական շրջաններ մատակարարվող ջրի խնդիրներն ու ապահովել արդյունավետ սպասարկում:
«Աջափնյակում ունենք խողովակ, որը վթարային է, և արդեն նախագիծ ենք պատվիրել, հաղթողը կա և առաջիկայում կունենանք նախագիծ, որը հնարավորություն կտա 1.9 կմ ոռոգման ցանց փոխել՝ 500 մմ տրամագծով, այնպես որ, Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանները լինեն իրարից անկախ և ոռոգումը զուգահեռաբար լինի: Ջրային կոմիտեի ԾԻԳ-ի կողմից մեկ առանձին 300 մմ-ոց խողովակ է գցվում Հալաբյան փողոցի սկզբնամասից մինչև Ծիծեռնակաբերդի բարձունքը, որը հնարավորություն կտա նույնպես Քանաքեռհէկից որոշ ծավալի ջուր մղել դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք»,- նշում է Հրաչյա Սարգսյանը:
«55 հատ ջրաչափ էր անհրաժեշտ, որն արժեր շուրջ 17.5 մլն դրամ: Պայմանավորվեցինք, որ այդ գումարը քաղաքապետարանը կտրամադրի և հետագայում այդ գումարը կպահվի ջրի վարձի փոխարեն: Ջրաչափերն անհրաժեշտ են ջրի հաշվառումը ճշտելու առումով, իսկ լավ կառավարման դեպքում ջուրը կկարողանանք մատակարարել ընկերություններին»,-ասում է Մերուժ Ասատրյանը:
Մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգումն ապահովվում է նաև խորքային հորերով: Քաղաքապետարանի տարեկան ծրագրով խորքային նոր 5 հոր կկառուցվի: 2019-ին ընդհանուր առմամբ շուրջ 10 կմ-ով էլ կընդլայնվի ոռոգման ցանցը:
«Ոռոգման ցանցը բավականին մաշված է և շատ դեպքերում, երբ ջուրը սկզբնաղբյուրից հասնում է տարբեր վարչական շրջաններ, կորուստներ են լինում, և համապատասխան ջրի ծավալ չի լինում: Շատ հաճախ նկատած կլինեք, որ ոռոգման ջուրը հոսում է և փողոցներով, դրա պատճառը մաշված խողովակներն են»,-նկատում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:
Մայրաքաղաքի որոշ հատվածներում այս տարի նաև նախատեսվում է ապահովել կաթիլային ոռոգում: Այդպիսի ցանց կանցկացվի Սարալանջում և ևս երկու փողոցներում:
«Այս տարի նախատեսել ենք, որ Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցում նախագիծ ունենանք ոռոգման, այսինքն՝ ամբողջությամբ փոփոխություն իրականացնենք, նախատեսում ենք, որ դա կաթիլային ոռոգում կլինի, ինչպես նաև Հակոբ Հակոբյան փողոցում: Այստեղ պահպանում ենք նաև այն մոտեցումը, որ համալիր լուծում տանք և նախատեսում ենք, որ և ոռոգման ցանցը փոխվի, և եզրաքարերը փոխվեն, համապատասխան հող լցվի միջնաշերտերում, կարծում եմ, նաև լուսավորությունը կփոխենք»,- նշում է Հրաչյա Սարգսյանը:
Ի դեպ, մայրաքաղաքի ոռոգման համակարգը սնուցող ջրատարներում հաճախ կարելի է տեսնել կենցաղային աղբ, որը ևս խնդիրներ է առաջացնում համակարգում: Այս դեպքում էլ շատ կարևոր է մեր համաքաղաքացիների վերաբերմունքն ու պատասխանատվության զգացումը՝ քաղաքը մաքուր պահելու գործում:

Տեսանյութ

Երևանի ոռոգման համակարգի խնդիրների և նախատեսված ծրագրերի մասին