Երևանի պատվիրակությունը մասնակցել է Բուխարեստի 555-ամյակի տոնակատարություններին

22.09.2014

Երևանյան պատվիրակությունը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի գլխավորությամբ, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մասնակցել է քաղաքի հիմնադրման 555-ամյակի տոնակատարություններին։ Այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Բուխարեստի քաղաքապետի տեղակալ Դան Ալեքսանդրու Դարաբոնտի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինիայի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը: Դավիթ Օհանյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունել և շնորհավորել է Բուխարեստի քաղաքացիներին տոնի կապակցությամբ։ Կարևորելով Երևանի և Բուխարեստի միջև համագործակցությունը՝ քաղաքապետի տեղակալը հույս է հայտնել, որ երկու մայրաքաղաքների միջև բարեկամական և գործնական կապերն էլ ավելի կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ երկու մայրաքաղաքների ու նրանց բնակիչների։ Հանդիպման ավարտին Դավիթ Օհանյանը Բուխարեստի քաղաքապետի տեղակալին է փոխանցել Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձը: Դան Ալեքսանդրու Դարաբոնտին իր հերթին Երևանի քաղաքապետին փոխանցելու համար հյուրերին է հանձնել Բուխարեստի 555-ամյակի հուշամեդալը:

Այցի շրջանակում Երևանի պատվիրակությունն այցելել է նաև Բուխարեստի քաղաքային թանգարան, որտեղ քննարկվել են Երևանի պատմության թանգարանի և Բուխարեստի քաղաքային թանգարանի միջև համագործակցության հեռանկարները։ Պատվիրակության անդամները եղել են նաև Ազգային արենայում, մասնակցել են «Ջաբրովենի ինն» նոր մշակութային կենտրոնի բացմանը, իսկ Բուխարեստի Սահմանադրական հրապարակում երևանյան պատվիրակությունը մասնակցել է տոնական համերգի: Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև ռումինահայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել Ռումինիայի հայոց միություն, այնտեղ գործող հայկական խմբագրություն, ինչպես նաև Բուխարեստի հայկական եկեղեցի:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին