Երևանի տրանսպորտային նոր ցանցի ներդրման ծրագիրն իրագործելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ

12.07.2019

Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի մասին հաշվետվությունը և հաշվարկները, ինչպես նաև ցանցի ներդրման միջոցառումները քննարկելու նպատակով ՀՀ փոխվարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ: 

Կազմում ընդգրկված են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արդարադատության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի նախարարների տեղակալները, քաղաքաշինության և պետական եկամուտների կոմիտեների ներկայացուցիչներ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալը, ՀՀ վարչապետի խորհրդականը և օգնականը:
Քաղաքապետարանում կայացած առաջին հանդիպմանը ներկայացվել ու քննարկվել են նոր երթուղային ցանցի կառուցվածքի, սպասարկման հիմնական չափորոշիչների և կառավարման մեխանիզմների վերաբերյալ մի շարք հարցեր:
«Տրանսպորտի խնդրի կարգավորմանը տարիներ շարունակ սպասում է քաղաքի ամբողջ բնակչությունը: Վստահ եմ, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի կարճ ժամանակում արդյունքներ ունենալ»,- նշել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Հրաչյա Սարգսյանը:
Աշխատանքային խմբի անդամներն իրենց հերթին ընդգծել են, որ խնդրի լուծումն ունի համապետական նշանակություն: Նշվել է, որ առաջիկա օրերին հանրությանը կներկայացվի տրանսպորտի համակարգի փոփոխությունների և նոր ցանցի ամբողջական փաթեթը:
Ակտիվ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ուղևորահոսքերին, կանգառասրահներին, սպասարկման ծախսերին, տեղփոխերին և մի շարք այլ խնդիրների:

 

Լուսանկարներ