Երևանի քաղաքապետարանն ու ագրարային համալսարանը կհամագործակցեն մասնագետների ներգրավման գործում

07.06.2019

Մերին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 3-րդ կուրսի ուսանող է: Ուսմանը զուգահեռ արդեն աշխատում է: Թափառող կենդանիների վնասազերծման նորաբաց կենտրոնի մասին Մերին լսեց ավագ ընկերներից, հետաքրքրվեց, եկավ ու աշխատանքի անցավ:

«Կենտրոնի բացումը կարևոր էր քաղաքի համար: Հենց դա է պատճառը, որ մեծ ցանկություն ունեի միանալու այս թիմին»,- պատմում է Մերին:
Նորայրն էլ համալսարանը վերջերս ավարտեց և սիրով միացավ թիմին: Ի դեպ, կենտրոնի մյուս աշխատակիցները ևս համալսարանի շրջանավարտներ են: Նրանց բոլորին միավորել է ոչ միայն մասնագիտությունը, այլև սերը կենդանիների հանդեպ:
Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետում սովորում է 220 ուսանող: Երևանի քաղաքապետարանի և ագրարային համալսարանի համագործակցության շնորհիվ այսուհետ ուսանողները պրակտիկա կանցնեն Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում, կմասնակցեն կլինիկայում իրականացվող նախավիրահատական, վիրահատական և հետվիրահատական ամբողջ գործընթացին: Հուշագիրն արդեն ստորագրված է:
«Կենտրոնի ստեղծումից հետո գործունեությանն առնչվող որոշակի խնդիրներ կային: Ագրարային համալսարանի ղեկավարության հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք մեր աշխատանքները կազմակերպել համալսարանին պատկանող տարածքում: Փոխարենը ուսանողներն իրենց պրակտիկան պետք է անցնեին կենտրոնում, ինչն իր ծավալներով աննախադեպ ծրագիր է: Հինգ ուսանող արդեն իսկ աշխատանքի է անցել»,-ընդգծում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:
«Մենք մեծ տեղ ենք հատկացնում գործնական գիտելիքներին, քանի որ պարզապես ճիշտ չէ աշխատաշուկա ուղարկել անփորձ մասնագետների: Այս տեսակետից նաև նախաձեռնությունը շատ կարևոր է»,-նշում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը:
Քաղաքապետարանի և ագրարային համալսարանի համագործակցության շնորհիվ նախատեսված են նաև մի շարք այլ ծրագրեր, որոնք կնպաստեն, որ ուսանողները բուհն ավարտելուց հետո հեշտությամբ աշխատանք գտնեն:

Տեսանյութ

Երևանի քաղաքապետարանն ու ագրարային համալսարանը կհամագործակցեն մասնագետների ներգրավման գործում