«Երևանն ունի մեծ պատմություն, բայց նաև պետք է ունենա հզոր ներկա ու ապագա». Հայկ Մարության

19.10.2019

«Էրեբունի-Երևան 2801» պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը կայացավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում:  
Երեկոյին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոսը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու Երևանի քաղաքապետը՝ տիկնանց հետ, Երևանի ավագանու անդամներ, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:
Միջոցառման ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը մեկ անգամ ևս շնորհավորելով քաղաքի տոնի առթիվ, ամփոփել է քաղաքային վարչակազմի գործունեության մեկ տարին և համառոտ ներկայացրել տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:
Խոսելով կրթական ոլորտի, մասնավորապես մանկապարտեզների մասին, քաղաքապետն ընդգծել է, որ ապրիլից բոլոր մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է 20%-ով: Մոտ 6500 քմ օտարված տարածքներն էլ վերադարձվել են նախակրթարաններին,  և դրա հաշվին շուրջ 1000 երեխա ավելի կարող է հաճախել մանկապարտեզ: Մանկապարտեզներում գործում է նաև հերթագրման էլեկտրոնային համակարգ:
«Սա նշանակում է, որ հերթագրումը թափանցիկ է և ոչ ոք չի կարող առաջ գցել իր հերթը: Ինչպես և բոլորը, այնպես էլ ես իմ երեխային, որն այսօր 2 տարեկան է, հերթագրել եմ, որպեսզի տարիքը լրանալուց հետո կարողանա հաճախել մանկապարտեզ»,-նշել է Հայկ Մարությանը:
Քաղաքապետը նաև հավելել է, որ պոլիկլինիկաներում ևս ներդրվել է էլեկտրոնային հերթագրում և քաղաքացիներն այսօր կարող են տնից զանգով հերթագրվել և   նախընտրած օրն ու ժամին այցելել բժշկի:
Նշվել է, որ բյուջեի սեփական մուտքերը 2018-ի համեմատ 2019-ին շուրջ 50%-ով ավելացել են՝ կազմելով 10 մլրդ դրամ:
 «Մեր խոստումը ուղիղ ժողովրդավարության և հանրային բյուջեի մասին իրականացրել ենք: Այսօր արդեն գործում է https://activecitizen.yerevan.am/ կայքը: Դրա համար քաղաքային իշխանությունը տրամադրել է 500 մլն դրամ: Մուտք գործելով այդ կայք՝ յուրաքանչյուր երևանցի կարող էր առաջարկել իր նախագիծը, որի համար  կքվեարկեն հենց երևանցիները, և լավագույն ու  ամենաշատ ձայները հավաքած նախագծերը կիրականացվեն»,-նշել է Մարությանը:
Քաղաքապետը ներկայացրել է, որ պատմական և ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերի վրայից ապամոնտաժվում են գովազդները:
«2019 թվականին տրամադրվել է ավելի շատ շինթույլտվություն, նախագծման թույլտվություն և ավարտական ակտ, քան նախորդ առնվազն 3 տարիներին:  Ասֆալտապատել ենք 600 հազար քմ ճանապարհ, տնտեսումների հաշվին մինչև տարեվերջ կասֆալտապատվի ևս 100 հազար քմ»:  
Քաղաքի կանաչապատման մասին խոսելով՝ քաղաքապետը նշել է, որ ստեղծվում է նոր համակարգ. Երևանը կունենա իր հիմնարկը, որն էլ կզբաղվի այդ աշխատանքներով:  
Արդեն ավարտված է  20 վերելակի պիլոտային ծրագրի մրցույթը:  Աշխատանքները շուտով կմեկնարկեն: Պատրաստ է նաև տրանսպորտային նոր ցանցի ֆինանսական մոդելը: Մետրոյի նոր կայարանի հետ կապված էլ ներդրողի հետ կա էսքիզային նախագիծ, սկսվել են հաշվարկային աշխատանքներ:
«Ուզում եմ խոսել նաև թափառող կենդանիների խնդրից: Մեր թիմը հայտարարեց, որ այլևս կենդանիների սպանդ տեղի չի ունենալու և ստեղծվեց կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը, որը միանգամից գործի անցավ ու համալրվեց լավագույն մասնագետներով: Այս պահին արդեն ստերջացրել ենք 2000 շուն: Սա մեծ արդյունք է: Մի քանի տարի անց այս խնդիրը լուծված կլինի»,-ասել է քաղաքապետը:
Խոսելով աղբահանության մասին քաղաքապետն ընդգծել է.
«Գիտեք, որ այսուհետ Երևան քաղաքի աղբահանությունն իրականացնում է մեր քաղաքային հիմնարկը, որն այս պահին ունի ավելի քան 50 մեքենա, ձեռք ենք բերում նաև ձնամաքրման մեքենաներ, փոշեկուլներ, որպեսզի քաղաքը աղբի հետ կապված խնդիր չունենա: Այստեղ պետք է շնորհակալություն հայտնեմ մեր բնակիչներին՝ խնդրի լուծմանը համբերատար սպասելու համար»,-ընդգծել է Հայկ Մարությանը:
Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նաև քաղաքապետարանի աշխատակազմին և ավագանու անդամներին՝ միասնական աշխատանքի համար, ինչպես նաև՝ կառավարությանը և վարչապետին՝ աջակցության համար:
Այնուհետև քաղաքապետը խոսել է քաղաքի ապագայի խնդիրներից։
«Այսօր աշխատավայրում ձեռքիս այս տարվա պաստառներն էին, որոնցում պատկերված են Երևանի տարբեր վայրերը՝ Օպերան, Կասկադը, Կայարանը, Մայր Հայաստանը, Մատենադարանը: Հասկացա, որ մեր պաստառներում չկա պատկերված մի վայր, որ մենք կառուցել ենք վերջին 25 տարում: Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ մենք սկսենք այդ աշխատանքը: Մեր քաղաքն ունի ահռելի մեծ պատմություն, բայց նաև պետք է ունենա հզոր ներկա ու ապագա: Շնորհավորում եմ քեզ՛, Երևա՛ն» ,-նշել է քաղաքապետը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում մասնավորապես, նշել է.
«Սա իսկապես հրաշալի տոն է բոլորիս համար և սա տոն է, որն արդեն շատ երկար տարիներ ուղեկցում է մեզ: «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը, Երևանի հոբելյանը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, և երևի սխալված չեմ լինի ասել, որ Երևանը մեր ամենասիրելի քաղաքն է: Սա ունի շատ կոնկրետ պատճառ, որովհետև Երևանի ամեն շենքի ամեն քար իր մեջ ներառում է, պարունակում է մեր ազգային երազանքների մի կտոր: Մենք բոլորս սիրում ենք Երևանը և Երևանը սիրում է մեզ: Այս է պատճառը, որ մենք ուր էլ գնանք, ուր էլ լինենք՝ մեր առաջին ձգտումն ու ցանկությունն է՝ վերադառնալ այստեղ, վերադառնալ մայրաքաղաք, վերադառնալ Երևան, վերադառնալ և կրկին քայլել այն ճանապարհով, որ սկսվել է դեռևս 2801 տարի առաջ և դեռ պետք է շարունակվի հազարամյակներ»,-ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երեկոյի ընթացքում Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախումբն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, հանդես են եկել համատեղ համերգային ծրագրով: Երաժշտացանկում ներկայացվել են Խաչատրյանի, Բաբաջանյանի, Մանսուրյանի և այլ ստեղծագործողների  երկերը։

Տեսանյութ

«Երևանն ունի մեծ պատմություն, բայց նաև պետք է ունենա հզոր ներկա ու ապագա». Հայկ Մարության