Երևանում ևս մեկ հիմնանորոգված դպրոց բացվեց

15.09.2020

Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան հ.153 հիմնական դպրոցը հիմնանորոգումից հետո դռները բացեց սաների առջև: Վերակառուցված կրթօջախում սովորում է շուրջ 700 աշակերտ, սակայն պայմաններն այսօր արդեն հնարավորություն են տալիս, որ այն ընդունի մինչև 950 երեխայի։ 

Դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի ավագանու անդամներ, հյուրեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ ծանոթացել է իրականացված աշխատանքներին և աշակերտների համար ստեղծված պայմաններին:
Եռահարկ դպրոցը հարմարեցված է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար. կառուցվել են թեքահարթակներ, տեղադրվել է վերելակ, հարմարեցվել են նաև սանհանգույցները: Նոր, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ստեղծվել դասասենյակներում, մարզադահլիճում ու հանդիսությունների դահլիճում, գրադարանում: Հիմնանորոգման ընթացքում տանիքին տեղադրվել է արևային էներգիայի համակարգ, որն ապահովելու է դպրոցի տաք ջուրը: Կրթօջախի բակում էլ կառուցվել է նոր խաղադաշտ:
Դպրոցը հիմնովին վերակառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Վերակառուցման ընդհանուր բյուջեն կազմել է 1,3 մլրդ դրամ, աշխատանքներն սկսվել էին 2016թ. աշնանը:

Տեսանյութ

Երևանում ևս մեկ հիմնանորոգված դպրոց բացվեց