Երևանյան նոր այգիների ու պուրակների ստեղծման ծրագրերը շարունակական են լինելու նաև մայրաքաղաքի ծայրամասային համարվող թաղամասերում

30.07.2014

Երևանի համաչափ զարգացման համատեքստում մայրաքաղաքում իրականացվող բակերի համալիր բարեկարգման ծրագրով լայն թափով աշխատանքներ են ընթանում նաև Նուբարաշեն վարչական շրջանում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ այցելել է բարեկարգվող բակերի շինհրապարակներ: Ներկայացնելով իրականացվող աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը՝ վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետը շրջել է բակային տարածքներում, զրուցել բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրները: Անդրադառնալով նուբարաշենցիների կողմից բարձրացվող հարցերին՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ վարչական շրջանում արդեն իսկ գույքագրված են առկա բոլոր խնդիրներն ու, ըստ առաջնահերթության, առաջիկա տարիներին դրանք հետզհետե լուծումներ են ստանալու: Նուբարաշենցիներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ բնակիչների կողմից բարձրացված խնդիրների լուծման հարցում դրսևորած մշտական հետևողականության համար:
Ընթացիկ տարում վարչական շրջանում, ընդհանուր առմամբ, կբարեկարգվի 17 բակ, որտեղ կտեղադրվեն խաղային ատրակցիոններ, մարզական սարքեր, նստարաններ, աղբամաններ, զրուցարաններ:
Բակային տարածքներին զուգահեռ՝ հանգստի կազմակերպման համար հարմարավետ պայմաններ կապահովվի նաև Նուբարաշենի 11 փողոցի այգու հարակից տարածքում: Քաղաքապետին զեկուցվել է, որ բարեկարգման ծրագրով կտեղադրվեն մանկական խաղեր, մարզական սարքեր, նստարաններ: Բնակիչների լիարժեք հանգիստը կազմակերպելու համար հանգստի գոտին ապահովված կլինի գիշերային լուսավորությամբ: Տարեկան ծրագրերով նախատեսվում է նաև վարչական շրջանի բակային տարածքները և 20 փողոց ապահովել արտաքին լուսավորության համակարգով: Նշվել է նաև, որ, համաձայն քաղաքապետի հանձնարարականի, առանձնակի ուշադրություն է դարձվում կանաչ գոտիների ստեղծմանը: Ըստ այդմ, բարեկարգմանը զուգահեռ, բակային տարածքներում և հանգստի գոտիներում ընթանում են նաև կանաչապատման աշխատանքներ, ինչի շնորհիվ շուրջ 1100քմ-ով կավելանա վարչական շրջանի կանաչ տարածքների մակերեսը: Զրուցելով բնակիչների հետ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ երևանյան նոր այգիներ ու պուրակներ ստեղծելու ծրագրերը շարունակական են լինելու նաև մայրաքաղաքի ծայրամասային համարվող թաղամասերում: Ողջունելով քաղաքապետի նման դիրքորոշումը՝ բնակիչները նշել են, որ տասնյակ տարիներ են սպասել նման ծրագրերի իրականացմանը: Նրանք նաև վստահեցրել են, որ իրենց ուժերի սահմանում կանեն հնարավորը, որպեսզի օր առաջ կյանքի կոչվեն այդ ծրագրերը:
Հաշվի առնելով, որ Նուբարաշեն վարչական շրջանի հարակից տարածքում է գտնվում քաղաքային ամենամեծ աղբավայրը, քաղաքապետն անդրադարձել է նաև մայրաքաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներին. «Մայրաքաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն այսօր իրականացվում են մասնագիտացված 12 ընկերությունների կողմից: Տարեկան միջինը շուրջ կես միլիոն տոննա կենցաղային աղբ է հավաքվում և տեղափոխվում Երևանի գործող երեք աղբավայրեր, որոնցից ամենախոշորը, ըստ էության, Նուբարաշենի քաղաքային աղբավայրն է: Եվ, անշուշտ, Երևանի համար այսօր իսկապես կարևորագույն առաջնահերթություն է որակյալ, միջազգային չափորոշիչներին համապատասխանող աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցումը, այդ նպատակով էլ մենք դեռ անցյալ տարի հայտարարեցինք միջազգային մրցույթ: Հաղթող ճանաչված միջազգային երկու մասնագիտացված ընկերությունների հետ կնքեցինք պայմանագրեր, համաձայն որոնց, Երևանում տվյալ ընկերություններն են իրականացնելու աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները, ընդ որում, նաև ձմեռային ամիսներին: Ներկայումս այդ ընկերությունների կողմից իրականացվում են կազմակերպչական աշխատանքներ և արդեն այս տարվա ընթացքում նախատեսվում է, որ դրանք կսկսեն պայմանագրերով նախատեսված ծառայությունների մատուցումը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցումը քաղաքապետարանի կողմից մշակված կոշտ թափոնների կառավարման ծրագրի ընդամենը մեկ բաղադրիչն է:
Հարկ է նշել, որ ծրագրի մյուս երկու բաղադրիչներով նախատեսվում են նոր աղբավայրի և աղբի վերամշակման կենտրոնի կառուցման աշխատանքներ: Ըստ այդմ, ենթադրվում է նախ մեկուսացնել Նուբարաշենի գործող աղբավայրը և, դրան զուգահեռ, իրականացնել նոր աղբավայրի կառուցման աշխատանքներ՝ տվյալ բնագավառում գործող միջազգային բոլոր չափորոշիչներին և տեխնիկական պայմաններին համապատասխան. «Ծրագրի այս բաղադրիչը ներկայումս նախագծման փուլում է և դրա հնարավոր ֆինանսավորման նպատակով բանակցություններ ենք վարում Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկի հետ: Իսկ ծրագրի երրորդ բաղադրիչով նախատեսվում է մայրաքաղաքի աղբի տնօրինման իրավունքը տրամադրել համապատասխան օպերատորի, որը կիրականացնի աղբի տեսակավորում, վերամշակում կամ, ժամանակակից այլ տեխնոլոգիաների կիրառմամբ, աղբի ծավալի նվազեցում: Այս նպատակով էլ ներկայումս մշակվում է աղբի տնօրինման կենտրոնի կառուցման մրցութային փաթեթը, որի պատրաստ լինելուն պես կհայտարարենք միջազգային մրցույթը։ Մի խոսքով, մեր կողմից արվում է հնարավորը մայրաքաղաքի կոշտ թափոնների կառավարման հարցում հնարավորին կարճ ժամկետում համալիր լուծում ունենալու ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Երևանյան նոր այգիների ու պուրակների ստեղծման ծրագրերը շարունակական են լինելու նաև մայրաքաղաքի ծայրամասային համարվող թաղամասերում
Տեսնել ավելին