«Ես հպարտությամբ եմ գալու հերթափոխի». Հայոց բանակի օրը՝ Երևանի դպրոցներում

28.01.2015

Հայոց բանակի 23-րդ տարեդարձի առթիվ տոնական միջոցառումներ են անցկացվել Երևանի բոլոր դպրոցներում, կրթահամալիրներում, մանկապարտեզներում։
Բանակի օրվա հանդիսությունները մայրաքաղաքի դպրոցներում մեկնարկել են տոնին նախորդող օրերից՝ բազմաբնույթ միջոցառումներով. աշակերտները մասնակցել են արիության դասերի, հանդիպել զինվորականների, ինչպես նաև «Երկրապահ կամավորական միություն» անդամների հետ, այցելել Եռաբլուր, Երևանում տեղակայված զորամասեր:
Ինչպես Հայաստանի բոլոր դպրոցներում, հունվարի 28-ին Երևանում էլ միջոցառումները մեկնարկել են ժամը 10։00-ին՝ զինվորական կարգապահությամբ տողանով, որին մասնակցել են բոլոր աշակերտները և տոնը շարունակել դպրոցների դահլիճներում՝ բանակի հիմնադրման մասին վավերագիր հանդիսություններով։ Այնուհետ աշակերտները ծաղիկներ են խոնարհել իրենց դպրոցներին հարակից հուշարձաններին, ազատամարտիկների կիսանդրիներին ու հուշակոթողներին, ապա այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց բանակի հիմնադրման ու կայացման, Հայաստանի ու Արցախի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների ու զինվորականների հիշատակին։
Երևանի կրթահամալիրներից մեկի աշակերտուհիները զորամաս այցելելուց առաջ խմորեղեն են պատրաստել զինծառայողներին հյուրասիրելու համար։
Երևանի մի շարք դպրոցներում հանդիսություններին ներկա են եղել ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։
«Դժվարանում եմ բառերով նկարագրել այն մեծ սերը, հպարտությունը, ոգևորությունն ու խանդավառությունը, որ այս օրերին տեսանք մեր աշակերտների աչքերում ու գործերում։ Երևանի բոլոր կրթօջախներում միջոցառումները կայացան լեփ-լեցուն դահլիճներում։ Ի դեպ, մեծ ակտիվությամբ մասնակցում էին նաև ծնողները։ Մեր դպրոցականները նաև միասնական նամակ են պատրաստել, որ կոչել ենք «Նամակ զինվորին»։ Եվ, տեսնելով այս ոգևորությունը, վստահ եմ, որ յուրաքանչյուր աշակերտ, ով ստորագրել է այդ նամակը, հավատարիմ է նամակն ամփոփող/ավարտող տողին՝ «Ես հպարտությամբ եմ գալու հերթափոխի»»,- նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։
Հայոց բանակի օրվա միջոցառումներին աշակերտները մասնակցել են նաև Երևանի երաժշտական դպրոցներում. նվագել են համերգներում, որոնց հրավիրել են վարչական շրջաներում բնակվող ազատամարտիկներին, զինվորականներին։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ