«Գարնանային հավաքածու» խորագրով ցուցահանդես՝ նվիրված կանանց տոներին

05.03.2014

Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվել է Հայաստանի ժողովրդական վարպետ, ՌԴ արվեստի պալատի անդամ Օլգա Հակոբյանի  «Գարնանային հավաքածու» խորագրով ուլունքագործության աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված կանանց միջազգային օրվա և մայրության ու գեղեցկության տոներին: Ցուցահանդեսին ներկայացված շուրջ 200 աշխատանքներում ներառված են «ԱՆԿԱՌՍ»-ՖՐԻՎՈԼՏԵ կոչվող հյուսվածքաձև տեխնիկայի միջոցով թելերով և ուլունքներով հյուսված վզնոցներ, ապարանջաններ, ականջօղեր, գլխարկներ և այլ ցուցանմուշներ:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նախապես շնորհավորելով կանանց տոների կապակցությամբ՝ քաղաքապետի տեղակալը կարևորել է մշակութային նմանօրինակ միջոցառումների անցկացումը և պատրաստակամություն հայտնել մշտապես աջակցելու նման նախաձեռնություններին:

«Ստեղծագործող հայ կանանց ներկայանալու հնարավորության ընձեռումը շատ կարևոր է մեզանում: Այս ցուցահանդեսն իր տեսակի մեջ բացառիկ է, որի կապակցությամբ շնորհավորում եմ ինչպես հեղինակին, այնպես էլ մեզ բոլորիս: Երևանյան արվեստասեր հասարակությունն հնարավորություն ունի մեկ ամիս շարունակ այցելելու ու ծանոթանալու բարձրաճաշակ այս աշխատանքներին»,-նշել է Արամ Սուքիասյանը:

Ժողովրդական վարպետն իր շնորհակալությունն է փոխանցել քաղաքապետին՝ շնորհավորանքների, ինչպես նաև աջակցության պատրատակամության համար:
«Գարնանային հավաքածու» ցուցահանդեսում ներառվել են նաև Երևանի պատմության թանգարանի ավանդական տարազների որոշ նմուշներ:
Ցուցահանդեսը գործելու է մինչև ապրիլի 7-ը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ