Գույքահարկի արտոնություններ՝ սոցիալական մի շարք խմբերին. կայացել է ավագանու հերթական նիստը

19.03.2019

Երևանի ավագանին այսօր կայացած նիստում հավանություն է տվել գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծին: Համաձայն նախագծի, արտոնություններ են տրամադրվել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված ևստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքներին, Արցախյան և Աֆղանստանի պատերազմների առաջին ու երկրորդ խմբի զինհաշմանդամներին, ինչպես նաև «Հայաստանի խուլերի միավորում» և «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ներին:


Հաստատվել են Երևանի 2018թ. բյուջեի և զարգացման ծրագրի հաշվետվությունները

 

Ավագանին հավանություն է տվել նաև Երևանի զարգացման 2018թ. ծրագրի իրականացման, ինչպես նաև Երևանի 2018թ. բյուջեի կատարման հաշվետվություններին:

 

Եվրոպայի հրապարակ՝ Երևանում

 

Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ: Ավագանին հաստատել է որոշման նախագիծը:

 

Կանգառների անվանումները հայտարարող սարքեր՝ քաղաքային ավտոբուսներում

 

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար քաղաքային ավտոբուսների ուղեսրահներում կտեղադրվեն հատուկ սարքեր, որոնք կհայտարարեն կանգառների անվանումները:

Լուսանկարներ