Համագործակցություն՝ Իրան-Հայաստան բարեկամության միության ծրագրերի շրջանակում

23.09.2014

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է Իրան-Հայաստան բարեկամության միության անդամների հետ: Ողջունելով հյուրերին և ընդգծելով երկու ժողովուրդների միջև ներկայում առկա բարեկամական և գործընկերային հարաբերությունները՝ քաղաքապետի տեղակալը հատկանշել է, որ երկու ժողովուրդների պատմամշակութային հարուստ ժառանգության ընդհանրությունները կարող են լավ հիմք հանդիսանալ և նպաստել համատեղ մշակութային տարբեր ծրագրերի իրականացման համար:

Իրան-Հայաստան բարեկամության միության գործադիր տնօրեն Մուհամմադ Ռեզա Դամավանդին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համառոտ ներկայացրել է միության կողմից տարվող աշխատանքներն ու մասնավորապես 2015 թվականին Երևանում նախատեսած ծրագրերը և այդ համատեքստում առանձնացրել «Դամավանդ» ֆիլմի ու Հայաստանի մասին պատմող փաստավավերագրական կինոժապավենի նկարահանումները, որոնց մի մասը նախատեսվում է կազմակերպել հենց Երևանում:

Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ողջունելով նախաձեռնությունը, ընդգծել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ աջակցելու նմանօրինակ նախաձեռնությունների կյանքի կոչմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Երևանի և իրանական խոշոր քաղաքների միջև տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնման և զարգացման հնարավորությունները:

«Իրանական քաղաքների, հատկապես Սպահանի հետ Երևանի համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Կարծում եմ, որ Իրան-Հայաստան բարեկամության միությունն իր հերթին ևս կնպաստի կապերի ամրանդմանը, նաև՝ նոր համատեղ ծրագրերի իրականացմանը: Պետք է նշեմ նաև, որ Երևանի քաղաքապետն անձամբ առանձնահատուկ կարևորում է միջազգային համագործակցության ընդլայնումը»,- ընդգծել է քաղաքապետի տեղակալը:

Արամ Սուքիասյանը միության անդամներին հոկտեմբերին հրավիրել է կրկին այցելել Երևան՝ մասնակցելու «Էրեբունի - Երևան 2796» տոնակատարության միջոցառումներին: Իրան-Հայաստան բարեկամության միության գործադիր տնօրեն Մուհամմադ Ռեզա Դամավանդին շնորհակալություն է հայտնել հրավերի համար և սիրով ընդունել այն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ