Համայնքային գերեզմանատներում հողհատկացումն անվճար է

14.10.2019

Մայրաքաղաքում 21 գերեզմանատուն կա: Դրանցում տարածքների հատկացման և ոլորտին առնչվող մյուս գործառույթներով զբաղվում է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը: Դաշտը կանոնակարգելու նպատակով համայնքային կառույցը տարեսկզբից մի շարք ծրագրեր է նախաձեռնել: 

Գերեզմանատների սահմաններից դուրս կատարված հուղարկավորություններ, բանկում գրավադրված տարածք, շեղումներ՝ օրենքով նախատեսված գերեզմանատեղերի սահմանաչափերից: Տարիներ շարունակ քաղաքացիները բախվել են տարբեր խնդիրների: Ոլորտն առանձնահատուկ է և կարգավորման անհրաժեշտություն ունի:
«Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության հավաքած փաստերի հիման վրա վարչական վարույթներ և գործեր են բացվել, որոնք այժմ ընթացքի մեջ են: Հանգուցալուծումից հետո կարող ենք հստակ պատկեր ունենալ տեղի ունեցածի վերաբերյալ», - նշում է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը:
Երևանում գերեզմանատները զբաղեցնում են շուրջ 540 հա տարածք: Այսօր դրանք տրամադրվում են բացառապես օրենքով սահմանված չափորոշիչներով:
«Քաղաքացին գերեզմանատան վարիչի հետ ընտրում է տարածքը, որը տրամադրվում է բացարձակապես անվճար»,- ասում է Արման Իսկանդարյանը:
Չնայած նրան, որ 21 գերեզմանատներն ունեն իրենց հստակ սահմանված տարածքները, այսօր էլ կան դեպքեր, երբ քաղաքացիները հուղարկավորություն են կազմակերպում դրանց հարակից հատվածներում, ինչն օրենքով արգելված է:
««Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն գերեզմանատները հատուկ պաշտպանվող հուշարձանային տարածքներ են, որոնք ենթակա չեն քանդման: Բայց սեփականաշնորհված տարածքների համար պետությունը պատասխանատվություն չի կրում և մենք չգիտենք կոնկրետ անձն իր հողակտորն ինչպես կարող է տնօրինել: Դավթաշենի գերեզմանատանն, օրինակ, 1 հա ավելի տարածք կա, որը բանկում գրավադրված է, որտեղ, ի դեպ, առկա են գերեզմանատեղեր»,-ընդգծում է Իսկանդարյանը:
Տասնամյակների կուտակված խնդիրներին հետզհետե լուծումներ տալու նպատակով ընկերությունն ընդլայնել է նաև վճարովի ծառայությունների ցանկը: Հավաքագրված միջոցները կուղղվեն գերեզմանատների տարածքների բարեկարգմանն ու ցանկապատմանը:
«Կատարում ենք բետոնապատման աշխատանքներ, մեքենայի և անձրևանոցների տրամադրում, շուտով կիրականացնենք նաև գերեզմանաշինարարության աշխատանքներ, քարի արտադրություն»,- ասում է Արման Իսկանդարյանը:
Քաղաքացիների համար ընկերության աշխատանքն առավել թափանցիկ, գործընթացն էլ առավել հասանելի դարձնելու նպատակով մտադրություն կա սպասարկումն իրականացնել մեկ պատուհանի սկզբունքով: Օրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ներկայացվեց համայնքային կառույցի տվյալների թվայնացման առաջարկվող տարբերակը: Մասնավոր հատվածի կողմից ներկայացված նախագիծը ենթադրում է առցանց հարթակի և հավելվածի ստեղծում:
«Թվային տարբերակի ներդրումից հետո քաղաքացին տնից մուտք անելով կարող է տեսնել, թե որտեղ է առկա ազատ հողատարածք: Յուրաքանչյուր գերեզմանատեղիի վրա կլինի QR կոդ, որով հարազատները նաև մենք հնարավորություն կունենանք իմանալու, թե կոնկրետ ովքե՞ր են հուղարկավորված և կիմանանք, թե այդ տեղի ստանձնող անձը ով է»,- նշում է Իսկանդարյանը:
Աջափնյակ վարչական շրջանում տարածք է հատկացվել համայնքային նոր գերեզմանատան համար: Միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով քաղաքապետարանը նախատեսում է հանդես գալ օրենսդրական փոփոխությունների առաջարկությամբ:

Տեսանյութ

Համայնքային գերեզմանատներում հողհատկացումն անվճար է