Հանդիպում ԼՂՀ նախագահի հետ

11.07.2014

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ ԼՂՀ նախագահը նախ իր գոհունակությունն է հայտնել անցած ժամանակահատվածում հայկական երկու մայրաքաղաքների միջև իրականացված ծրագրերի վերաբերյալ և ընդգծել, որ իրապես շոշափելի արդյունքներ են գրանցվել համագործակցության բոլոր ուղղություններով. «Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված համագործակցությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարաբերությունների շարունակական սերտացման ևս մեկ կարևոր դրսևորումն է, ինչը զարգացման լայն դաշտ և հեռանկար ունի: Երևանն այսօր մեծ ներուժ ունի, և երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը մեծապես կնպաստի ոչ միայն Ստեփանակերտի, այլ նաև ողջ Արցախի տնտեսական առաջընթացին: Այդ համատեքստում հատկապես ողջունելի է Ձեր նախանձախնդրությունը՝ Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև սերտ կապեր հաստատելու ուղղությամբ, որն ինչպես տեսնում եմ արդեն գործնական ընթացք է ստանում: Եվ ես համոզված եմ, պարոն Մարգարյան, որ Ձեր հետևողականության արդյունքում ձևավորվող այդ գործակցությունը ևս շոշափելի արդյունքների կբերի»,- ընդգծել է Բակո Սահակյանը՝ նկատելով, որ իր այս վստահության մասին լավագույնս փաստում են Ստեփանակերտում գրանցված առաջանցիկ այն զարգացումները, որոնցում ակնհայտ է Երևանի քաղաքապետարանի մասնակցությունն ու ներդրումը: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և վստահության համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդհանուր գծերով ներկայացրել է Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրված բարեկամության համաձայնագրով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված ու իրականացվող ծրագրերի ընթացքն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ նախանշված բոլոր ուղղություններով աշխատանքներն առաջիկայում էլ կլինեն շարունակական. «Ինչպես և խոստացել էինք, պարոն նախագահ, համագործակցության համաձայնագրի ստորագրումից կարճ ժամանակ անց ըստ ոլորտների ձևավորված աշխատանքային խմբերի կողմից հստակեցվեցին առաջնահերթություններն, ու մենք կարողացանք համատեղ ուժերով գործնական հիմքերի վրա դնել փոխգործակցության ծրագրերը: Արդյունքներն, անշուշտ, շոշափելի են, սակայն մենք դրանով չենք բավարարվելու և անելու ենք հնարավորը՝ փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ: Այս համատեքստում ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ արդեն իսկ նախատեսել ենք առաջիկայում թարմացնել երկու մայրաքաղաքների միջև համագործակցության համաձայնագիրը, որի ժամկետն ինչպես գիտեք այս տարի ավարտվում է: Բայց այս անգամ նախատեսում ենք կնքել ոչ թե երկամյա, այլ համագործակցության քառամյա համաձայնագիր, որը կապահովի իրականացվող ծրագրերի շարունակականությունն ու ընդլայնումը: Բացի այդ, ինչպես նշեցիք, մեր կողմից գործնական քայլեր են ձեռնարկվում նաև Արցախի մյուս շրջանների հետ ևս գործակցություն ծավալելու ուղղությամբ, որոնք հետզհետե դառնում են առավել առարկայական և շոշափելի»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ հերթական այս այցի շրջանակում պատվիրակության հետ Ստեփանակերտ ժամանած Երևանի վարչական շրջանների ղեկավարները հանդիպումներ կունենան ԼՂՀ շրջանների ղեկավարների հետ, որոնցից մի մասի հետ արդեն իսկ առկա է գործնական համագործակցություն, իսկ մնացածների հետ էլ կքննարկվեն փոխշահավետ համագործակցություն ծավալելու հետ կապված ծրագրեր:
Հանդիպման շրջանակում կողմերը նաև մտքեր են փոխանակել Երևանի և ԼՂՀ ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ բոլոր շրջանների միջև համագործակցության ակնկալվող ուղղությունների վերաբերյալ:

 

Երևանիքաղաքապետարանիտեղեկատվության
ևհասարակայնությանհետկապերիվարչություն

Լուսանկարներ