Հանձնարարվել է ըստ վարչական շրջանների ներկայացնել բակերի բարեկարգման 2018թ. ծրագիրը

09.01.2018

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ըստ վարչական շրջանների ներկայացնել մայրաքաղաքի բակերի բարեկարգման 2018թ. ծրագիրը:

Աշխատակազմի արտաքին կապերի վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է նախապատրաստել և հաստատման ներկայացնել Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի ու Արցախի Հանրապետության շրջանների միջև 2018թ. համագործակցության ծրագիրը:
Հանրակրթության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզների տեսանելի վայրերում ապահովել ինչպես երեխաների ընդունելության կարգի վերաբերյալ, այնպես էլ անհրաժեշտ այլ տեղեկատվության առկայությունը:
Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի մշակույթի վարչությանը հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել հունվարի 27-ին՝ Սուրբ Սարգսի և հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ