Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունն առևտրի կազմակերպման կանոնների կատարման ուղղությամբ

02.10.2017

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման առնչությամբ զեկուցվել է, որ իրականացված հսկողության ադյունքում նախորդ շաբաթ կազմվել է 20 վարչական արձանագրություն: Այս ուղղությամբ աշխատակազմի առևտրի և ծառայությունների, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության ծառայությանն ու վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ, խստացնել հսկողությունը հատկապես երեկոյան ժամերին ու հանգստյան օրերին՝ կազմակերպելով անակնկալ շրջայցեր:

Խորհրդակցության ընթացքում աշխատակազմի առևտրի և սպասարկումների, իրավաբանական վարչություններին էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստացնել վերահսկուղությունը «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված առևտրի կազմակերպման կանոնների կատարման ուղղությամբ: Մասնավորապես, հանձնարարվել է ապահովել վերոնշյալ օրենքի՝ առևտրի օբյեկտներում վաճառքի ցուցադրված յուրաքանչյուր ապրանքատեսակի գնապիտակ ունենալու պահանջի կատարումը:
«Ուղղակի անընդունելի է, երբ այս կամ այն ապրանքը, որն ունի հստակ սահմանված արժեք, հատկապես զբոսաշրջիկներին վաճառվում է ավելի թանկ գնով: Եվ դրան նպաստող հանգամանքներից մեկն էլ տվյալ ապրանքի վրա գնապիտակի բացակայությունն է, ինչն էլ հնարավորություն է ընձեռում որոշ անձանց կատարելու նման ոչ պատվաբեր արարք: Պարբերաբար ստանալով նման ահազանգեր՝ մենք ուղղակի չենք կարող այս հարցում ձեռնպահ կեցվածք դրսևորել: Ըստ այդմ, խստորեն վերահսկեք օրենքի պահանջի կատարումն ու հայտնաբերված խախտումների դեպքում կիրառեք օրենքով սահմանված պատիժները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ