Հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունն ապօրինի շինությունների և հողազավթումների հայտնաբերման ու կանխարգելման ուղղությամբ

20.08.2018

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից իրականացրած համատեղ վերահսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 13 դեպք, որոնց մասով իրականացվել է համապատասխան վարչարարություն: Վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ծառայություններին Կամո Արեյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը ապօրինի շինությունների և հողազավթումների հայտնաբերման ու կանխարգելման ուղղությամբ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով կոշտ վարչարարության, ընդհուպ գործերը փոխանցելով դատախազությանը:

Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: Հանձնարարվել է խստորեն վերահսկել իրականացվող աշխատանքների ընթացքը, նաև արագորեն արձագանքել բնակիչների այն ահազանգերին, ըստ որոնց կապալառուն կամ ոչ պատշաճ է իրականացնում աշխատանքը, կամ էլ անհարկի ձգձգում է դրանք՝ ավելորդ անհարմարություններ պատճառելով քաղաքացիներին: Հանձնարարվել է նաև բոլոր ահազանգերը համակողմանի ուսումնասիրելուց և դրանցում հավաստիանալուց հետո, օրենքով սահմանված կարգով, հստակ քայլեր ձեռնարկել տվյալ կազմակերպությունների և տեխհսկիչների նկատմամբ:
Խորհրդակցությանը զեկուցվել է, որ ավարտին են մոտենում Գլխավոր պողոտայի հարակից այգու վերակառուցման երկրորդ փուլի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրով իրականացվող Էրեբունի վարչական շրջանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի վերանորոգման աշխատանքները: 2018 թվականի շինբարեկարգման ծրագրով շարունակվում է նաև Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցումն ու բարեկարգումը: Վերոնշյալ ծրագրի հետ կապված Կամո Արեյանը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները, այդ թվում նաև հնարավորին արագ լուծում տալով զբոսայգու ոռոգման ցանցի անցկացման և անխափան շահագործման խնդրին:
Երևանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների՝ մարզաառողջարանային ճամբարներում հանգստի կազմակերպման վերաբերյալ զեկուցվել է, որ 3 հերթափոխով կազմակերպված ծրագիրը, որի շրջանակում հանգստի է մեկնել երևանաբնակ 1216 երեխա, արդեն ավարտվել է։
Աշխատանքային խորհրդակցության ավարտին, անդրադառնալով 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքին՝ աշխատակազմի պատասխանատու բոլոր վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին Կամո Արեյանը հանձնարարել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում իրականացնել միջոցառումների համալիր ծրագիր՝ գույքագրելով էներգամատակարարման, ջրամատակարարման և գազամատակարարման համակարգերում հնարավոր խնդիրները` սեղմ ժամկետում դրանց լուծում տալու նպատակով: Հանձնարարվել է նաև ապահովել առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին դասագրքերի անվճար բաշխման գործընթացը, ինչպես նաև քայլեր ձեռնարկել դպրոցների բուժկետերն անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով ապահովելու ուղղությամբ:
Նոր ուսումնական տարվան ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքների շրջանակում հանձնարարվել է գույքագրել ուսումնական բոլոր հաստատությունների, այդ թվում մանկապարտեզների, դպրոցների, բուհերի հարակից տարածքներն ու ՃՈ հետ համատեղ կատարել ճանապարհային գծանշումներ: Հաշվի առնելով սեպտեմբերի հատկապես առաջին օրերին տրանսպորտի ծանրաբեռնված աշխատանքը՝ հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքի ապահովման ու քաղաքացիների պատշաճ ուղևորափոխադրումն իրականացնելու ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին