Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Երևանի քաղաքապետարանի սոցիալական առաջնահերթություններից է

14.12.2018

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի հաշմանդանություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող քաղաքային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որը հրավիրվել է «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Նիստին մասնակցել են Երևանի ավագանու անդամներ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետեր, ոլորտում մասնագիտացած հասարակական կազմակերպություններ, մասնագետներ, շահառուներ:

 

Ընդլայնված նիստի նպատակն էր քննարկել մայրաքաղաքում իրականացվող աշխատանքները, որոնք միտված են հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքն ավելի մատչելի և հարմարավետ դարձնելուն:

 

«Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը վստահ է՝ նմանատիպ նիստերը կարող են մեծ ազդեցություն ունենալ տարվող աշխատանքների վրա:

«Հիմնական նպատակն այն է, որ տեղական իրազեկման մակարդակը բարելավվի, ինչպես նաև լինեն առաջարկներ: Շատ կարևոր է, որ նիստն ընդլայնված է և ներկա են նաև ավագանու անդամներ: Կարծում եմ՝ դա պետք է նպաստի, որ խնդիրներն ավելի արդյունավետ արձագանք ստանան»,- նշել է Սուրեն Մաղաքյանը:

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Երևանի քաղաքապետարանի սոցիալական առաջնահերթություններից է: Կան շատ խնդիրներ, սակայն լիահույս ենք, որ շուտով դրանք լուծում կստանան»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:

 

Նիստին ներկա էր նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը, ով նշել է, որ ոլորտում հարկավոր է իրականացնել լայնածավալ բարեփոխումներ, և այդ փոփոխությունները նոր սկզբունքով պետք է իրականացվեն:

 

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Ասատրյանը կարևորել է այն փաստը, որ նիստին մասնակցում են նաև հաշմանդամություն ունեցող անձինք, ինչը կնպաստի, որ խնդիրներն առավել ճիշտ ներկայացվեն և ճիշտ լուծումներ ստանան:

Լուսանկարներ