Հայաստանի եզդի համայնքը շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետին` ազգային տոնը շնորհավորելու համար

16.04.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Եզդիների ազգային տոնի`Տաուսի Մալակի կապակցությամբ, քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը փոխանցել է Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչ Հասան Թամոյանին: Հայ-եզդիական դարավոր բարեկամությունը բազմաթիվ ծրագրերով կյանքի է կոչվում նաև Երևանում: Եզդի համայնքն իր ուրույն տեղն ունի մայրաքաղաքային սոցիալ-տնտեսական ու մշակութային առօրյայում, իսկ համայնքի խնդիրները այսուհետ էլ մշտապես գտնվելու են Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական ուշադրության ներքո:

Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչ Հասան Թամոյանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և խնդրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցել եզդի համայնքի երախտագիտությունը`մշտապես ցուցաբերվող աջակցության և կոնկրետ խնդիրների լուծմանը նպաստելու համար: Հասան Թամոյանն ընդգծել է, որ Տարոն Մարգարյանը Երևանի առաջին քաղաքապետն է, ով ամեն տարի շնորհավորում է եզդիների բոլոր ազգային տոները, պարբերաբար պարգևատրում և խրախուսում եզդի համայնքի ներկայացուցիչներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ