Հայկ Մարության. «Միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեք» ընկերությունների հետ կնքած պայմանագրերը»

03.10.2019

Սիրելի երևանցիներ,

 

ինչպես գիտեք, 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում: Այս թերացումները ահագնացել են 2018 թվականի կեսերին և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը: Վերը նշված փաստերը մեզ ստիպեցին ուսումնասիրել՝ արդյոք «Սանիթեք» ընկերությունը պատշաճ կերպով է կատարում իր կողմից կնքված պայմանագրերի բոլոր կետերը և ընդհանրապես ստուգել այդ պայմանագրերի կնքման օրինականությունը: Այս հանգամանքները պարզելու համար 2019 թվականի հուլիսից իմ հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն սկսել են «Սանիթեք» ընկերությունների տեխնիկայի, ինչպես նաև գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ուսումնասիրությունը և գույքագրումը: Այն ավարտվել է օրեր առաջ, և այս պահին մենք ունենք ամբողջական պատկերը:

Եվ այսպես, ելնելով վերը նշվածից և հաշվի առնելով`
• աղբի պարբերար չհավաքման փաստերը,
• աղբամանների փաստացի խիստ անբավարար քանակը, դրանց տեխնիկական վիճակը և շահագործվող աղբատար մեքենաների անբավարար քանակը, որոնք միասին վերցրած անհնար են դարձնում պայմանագրով սահմանված պահանջներին և ժամկետներին համապատասխան ծառայությունների մատուցումը,
• 2019թ օգոստոսի 29-ից ծառայությունների իսպառ դադարեցման փաստը,
• պայմանագրերով նախատեսված ապահովագրության պայմանագրերի բացակայությունը,
• գնումների մասին օրենսդրությամբ «մասնագիտական փորձառություն» և «ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշների սխալ գնահատումը պայմանագրերի կնքման ժամանակ, որոնք արձանագրված են իմ կողմից տրվող ծանուցման մեջ:

 

Հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, սույնով ամբողջությամբ միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեք» ընկերությունների հետ կնքած պայմանագրերը:

Տեսանյութ

Հայկ Մարության. «Միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեք» ընկերությունների հետ կնքած պայմանագրերը»