Հետևողական վերահսկողություն մանկապարտեզների սննդի որակի նկատմամբ

24.11.2014

Մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի անվտանգության, սննդակարգի, սանիտարահիգիենիկ պայմանների, երեխաների հաճախելիության, ինչպես նաև ուսումնադաստիարակչական աշխատանքների որակն ուսումնասիրելու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից կշարունակվեն անակնկալ ստուգայցերը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել և խստորեն հետևել հատկապես երեխաների սննդի կազմակերպմանը:

«Այս հարցում մեր մշտական հետևողականությունն առանձնակի է կարևորված, ըստ այդմ՝ ակնկալում եմ ձեզանից խստորեն ստուգել հատկապես երեխաներին մատուցվող սննդի համապատասխանությունը սահմանված բոլոր չափորոշիչներին: Անգամ ամենափոքր խախտման արձանագրումն անհետևանք չպետք է մնա: Սա պահանջ է, որին պարտավոր են հետևել անխտիր բոլորը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ամենօրյա հսկողության շարունակականության ապահովման խնդիր է դրվել նաև ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կասեցվել է հայտնաբերված ապօրինաշինության 4 դեպք, նախկինում հայտնաբերված 3 դեպքերով էլ իրականացվել են քանդման աշխատանքներ: Հանձնարարվել է մշտական հսկողություն սահմանել նաև մայրաքաղաքում շինարարական հրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ չափորոշիչների պահպանման ուղղությամբ:

Շինբարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ տարեկան ծրագրով ընթացքի մեջ են փողոցների ասֆալտապատման, ճաքալցման ու փոսանորոգումների աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ 2014թ.-ին նախատեսված 25 հիմնանորոգվող փողոցներից 23-ում աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտվել են:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ խստացվել է հսկողությունը մայրաքաղաքի հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ: Նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ իրականացված շրջայցերին մասնակից են դարձել նաև Երևանի ավագանու երեք՝ «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան» և «Բարև Երևան» խմբակցությունների անդամներն ու լրատվամիջոցները: Հանձնարարվել է շարունակել ամենօրյա հսկողությունը հասարակական տրանսպորտի մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ:

Ընդառաջելով մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների խնդրանքին՝ մայրաքաղաքում ևս վեց կայանատեղեր են առանձնացվել ու կահավորվել տաքսիների կայանման համար: Զեկուցվել է նաև, որ նոր վայրերը ևս ընտրվել են վարորդների առաջարկությամբ:

Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են աշխատանքները փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները աշնանային տերևաթափից մաքրելու ուղղությամբ: Հանձնարարվել է ակտիվացնել գործընթացն ու հսկողություն սահմանել տերևների այրման դեպքերը բացառելու ուղղությամբ: Ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում էլ հանձնարարվել է կոնսերվացնել մայրաքաղաքում գործող բոլոր ցայտաղբյուրները՝ սառեցման հավանականությունը բացառելու համար:

Քաղաքապետարանի ենթակայության ուսումնական, մշակութային ու առողջապահական հաստատություններում հակահրդեհային համակարգերի ուսումնասիրման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, գնահատել ներկա վիճակն ու վերը նշված հաստատություններում անհրաժեշտ պայմանների ապահովման ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Խորհրդակցության ընթացքում Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ վերջին շրջանում մայրաքաղաքում հաճախակի են դարձել ձևավոր նստարանների ու աղբամանների կոտրելու դեպքերը: Հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարվել է ոստիկանության հետ համատեղ մշտական հսկողություն իրականացնել քաղաքային գույքի պահպանման ուղղությամբ և բացառել նման դեպքերը:

«Հարազատ քաղաքի բարեկարգ ու ներկայանալի տեսքի պահպանման գործում ոչ պակաս դերակատարում ունի նաև մեր բնակիչների հոգատար ու սրտացավ վերաբերմունքն իրենց բնակավայրի նկատմամբ: Եվ այն ամենն, ինչ արվում է այսօր Երևանում քաղաքապետարանի ծրագրերով, արվում է հենց քաղաքի բնակիչների հարմարավետության ապահովման համար: Ըստ այդմ՝ ակնկալում եմ, որ նման դեպքերում մեր սրտացավ համաքաղաքացիները ևս կունենան իրենց զսպիչ դերակատարումը՝ քաղաքային գույքը վնասողների նկատմամբ»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Հետևողական վերահսկողություն մանկապարտեզների սննդի որակի նկատմամբ
Տեսնել ավելին