Հյուսիսային լուծումներ՝ կայուն քաղաքների համար

09.04.2019

Ի՞նչ անել, որ քաղաքաշինական և մի շարք այլ ոլորտներում զարգացման ծրագրերի իրականացման ընթացքում հնարավորին նվազեցվի բնությանը պատճառվող վնասը: Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան և Իսլանդիան այս ոլորտում ունեն մեծ փորձ, որը պատրաստ են տրամադրել հայաստանյան մասնագետներին: Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» և Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպանության նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց «Հյուսիսային լուծումներ՝ կայուն քաղաքների համար» աշխատաժողովը:
«Միջոցառման նպատակն է, տեղայնացնելով միջազգային փորձը, մշակել բնապահպանական սեփական քաղաքականություն»,- հատկանշել է Յակոբեան կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը:
Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանում Շվեդիայի, Ֆինլանդիայի դեսպանները, Դանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչը:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն աշխատաժողովի բացման իր խոսքում ընդգծեց, որ մայրաքաղաքի համար առաջնային խնդիրներից է օրեցօր ավելացող մեքենաների քանակը: Նաև նկատեց, որ տրանսպոտային նոր ցանցի ներդրումը հնարավորություն կտա էապես կրճատել արտանետումները:
«Շուրջ վեց ամիս է արդեն, ինչ մեր քաղաքական թիմը հանձն է առել լուծել մայրաքաղաքում ծառացած մի շարք խնդիրներ: Այս առումով մեզ համար կարևոր է, որ Երևանը լինի հարմարավետ, միաժամանակ՝ կանաչապատ և բնապահպանական տեսանկյունից՝ կայուն: Օդի աղտոտվածության համար նախատեսում ենք ունենալ համապատասխան սարքավորումներ, որոնք հնարևավորություն կտան ուսումնասիրել աղտոտվածության մակարդակը: Նախատեսում ենք նաև կազմել կանաչապատման քարտեզ: Բացի այդ, Երևանն ունի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը»,- նշել է Հրաչյա Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպման համար:
«Այսօր ձևավորված այս դաշինքը կարևոր է իրապես կանաչ և կայուն քաղաքի ձևավորման համար: Այն պատրաստակամությունը, որն ունի Երևանի քաղաքային իշխանությունը, ոգևորիչ է, իսկ ռազմավարական տեսլականը կբերի իր դրական արդյունքը: Մեկ օրում կանաչ քաղաք ունենալ հնարավոր չէ, բայց 5 տարին իրատեսական ժամկետ է: Կարևոր է նաև քաղաքացիների ներգրավվածությունն ու մասնակցությունը»,- ասաց ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասին:
«Երևանը հիանալի քաղաք է, որտեղ կենտրոնացած է երկրի բնակչության գրեթե կեսը: Այս առումով ուրբանացման տեմպերը ամբողջ աշխարհում են մարտահրավեր դարձել: Շվեդիայի կառավարությունն իր հերթին պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ավելացնելով շրջակա միջավայրի պահպանմանությանը միտված ծրագրերի ֆինանսավորումը»,- ընդգծել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը:
Աշխատաժողովի ընթացքում փորձագետները ներկայացրեցին շարժունակ քաղաքաշինության, ճանապարհային անվտանգության և օդի որակը բարելավելու իրենց փորձը:
«Չափազանց կարևորում եմ Հայաստանում և մասնավորապես Երևանում քաղաքաշինության բնագավառում բնապահպանական և սոցիալական կայունությունն ու ոլորտի արդիականացումը: Այդ նպատակով նախատեսում ենք մշակել ռազմավարություն, որը հնարավորություն կտա մոտենալու ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին»,-իր հերթին նշել է քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:
Աշխատաժողովի մասնակիցները ծանոթացան նաև համալսարանում բացված ցուցահանդեսին: Ներկայացված էին հյուսիսային երկրների կանաչ քաղաքաշինության պլանավորման, թափոնների կառավարման, այլընտրանքային փոխադրամիջոցների, այդ թվում՝ հեծանիվների զանգվածային օգտագործման մասին պատմող նյութեր, լուսանկարներ:
Փորձագետները հյուրընկալվեցին նաև Երևանի քաղաքապետարանում: Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկեցին խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Կողմերը պայմանավորվեցին պահպանել կապը և համատեղ քննարկել նոր ծրագրերը:
Երևանում գտնվող հյուսիսային քաղաքներից ժամանած հյուրերն այցն ավարտեցին արևային քաղաքում զբոսանքով, ծանոթացան մայրաքաղաքի կենտրոնում քաղաքային իշխանության բնապահպանական և կանաչ գոտիների վերականգնման նախաձեռնություններին:

Տեսանյութ

Հյուսիսային լուծումներ՝ կայուն քաղաքների համար