ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Ի՞նչ է կորոնավիրուսը. այն ամենն, ինչ հարկավոր է իմանալ շնչառական նոր վարակի մասին

09.03.2020

Մարտի 1-ին Երևանում գրանցվեց կորոնավիրուսի առաջին ու առայժմ միակ դեպքը: 

«Սա շնչառական վիրուս է, որը շատ նման է գրիպի: Երբ այն հայտնաբերվեց՝ տեսքով շատ նման էր թագի, որից հետո էլ ստացավ անվանումը: Պաշտոնապես այն անվանում են COVID-19»,- նշում է «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների առողջության պահպանման կենտրոնի ղեկավար Սերգեյ Սարգսյանը:
Չինաստանից եկած վարակի տարածումը կանխելու նպատակով պետական կառույցներն ու քաղաքային իշխանությունն անմիջապես գործի անցան:
«Աշխատանքներն իրականացվում են պետական սահմանի անցման կետից սկսած: Այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ժամանել են ռիսկային համարվող երկրներից, որտեղ արձանագրվել են հիվանդության դեպքեր, իսկ համաճարակային իրավիճակն էլ համարվում է լարված, սահմանվում է 14 հսկողություն»,-ասում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
«Ունենք այդպիսի 29 քաղաքացի, որոնց նկատմամբ սահմանված է պոլիկլինիկական հսկողություն: Կատարվում են նաև տնայցեր»,-նշում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:
Հատուկ աշխատակարգ է սահմանված Երևանի պոլիկլինիկաներում: Բժիշկներն ու սպասարկող անձնակազմը պարտադիր կերպով դիմակներ և ձեռնոցներ է կրում: Ջերմող և սուր-շնչառական խնդիրներով հիվանդներին սպասարկում են առանձնացված սենյակներում: Այստեղ առկա են անհրաժեշտ բոլոր պարագաները:
«Ձևավորվել են մեկուսարաններ, որպեսզի մնացած հիվանդների անվտանգությունն ապահովենք և ջերմություն ունեցող հիվանդները հնարավորինս քիչ շփվեն ոչ սուր –շնչառական հիվանդություններով հիվանդների հետ: Բացի այդ, յուրաքանչյուր հիվանդից հետո սենյակն ախտահանվում է»,-ասում է «Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն Սաթենիկ Բադալյանը:
Բոլոր պոլիկլինիկաներում շաբաթ և կիրակի օրերին՝ առավոտյան ժամը 10-ից մինչև 16:00-ն կշարունակվի հերթապահությունը:
Շտապբուժօգնության ծառայությունն այս օրերին աշխատում է առավել ծանրաբեռնվածությամբ:
«Եթե սուր-շնչառական կասկածներով հիվանդ է՝ պարտադիր կերպով կրում ենք դիմակներ, ձեռնոցներ, եթե կարիք կա հոսպիտալացման, ապա դրանից հետո պարտադիր միացվում է հատուկ ախտահանիչ կվարցի լամպը, միացվում է օդափոխության հմակարգը և ախտահանվում է հատուկ նյութով» - ընդգծում է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Կորոնավիրուսի թիրախային խմբում են հիմնականում քրոնիկ հիվանդություններ ունեցող և տարեց մարդիկ: Հիվանդության առաջին ախտանշաններն են՝ տենդը, հազն ու դժվարացած շնչառությունը:
Այս օրերին քաղաքացիներին ամենից շատ հուզող հարցը, թերևս, ինչպես չվարակվելն է: Մասնագետները քաղաքացիներին խորհուրդ են տալիս պահպանել անձնական հիգիենան, լվացվել հաճախակի, օրվա ընթացքում օգտագործել շատ ջուր: Կանխարգելիչ քայլերի մասին հուշում են տեղեկատվական ցուցանակները, որոնք փակցվել են հանրային տարբեր վայրերում:
«Եթե կլինի որևէ ախտանշան՝ խնդրում ենք մեր քաղաքացիներին ինքնաբուժությամբ չզբաղվել և անպայման դիմել պոլիկլինիկա՝ բժշկի»,- նշում է Կամսար Բաբինյանը:
Համաճարակների կանխարգելման գործընթացում վերջերս աշխարհի երկրների թվում հրապարակված վերջին տվյալներով Հայաստանն ունի բարձր ցուցանիշ՝ 90 միավոր։ Առավել լավ պատրաստվածության ցուցանիշը 80 և ավելի բարձրն է:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player