Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում

18.11.2018

Երևանում գտնվող Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի ու Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել հերոսամարտի 18 նահատակների հուշակոթողին և ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի կիսանդրուն: Ֆրանսիական հրամանատարական նավի տեսքով ձևավորված թանգարանային ցուցասրահում հյուրերին ներկայացվել են Մուսա լեռան հերոսամարտի փաստավավերագրական նմուշները և ինքնապաշտպանական մարտերի պատմությունը, իսկ երկրորդ հարկում դիտել են Մուսա լեռան համայնապատկերը՝ «Ժաննա դը Արկ» ռազմանավի օրինակով ստեղծված վիրտուալ տախտակամածից: Ֆրանսիացի հյուրերը կանգ են առել նաև հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը խորհրդանշող աղբյուր-հուշարձանի մոտ, ուր փորագրված են մուսալեռցիների փրկությանը մասնակցած ֆրանսիացի նավաստիների անունները: Հուշահամալիրի տարածքում հյուրերը կանգ են առել նաև Արարայի ճակատամարտում նահատակված 23 հայորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, որի տեղում Հայաստանում ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ նախատեսվում է կառուցել խաչքար-հուշարձան: Հուշահամալիր այցելության ավարտին Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակության անդամները հանդիպել են «Մուսա լեռ» հայրենակցական միության ներկայացուցիչների հետ:

Պատմական ակնարկ

1915թ. Մուսալեռի բնակիչները, անտեսելով հայերին ոչնչացնելու և հայաբնակ տարածքները լքելու երիտթուրքական ծրագիրը`53 օր շարունակ կատաղի դիմադրություն ցույց տվեցին թուրքական ջոկատներին` երեք անգամ հետ մղելով կանոնավոր բանակի հարձակումները: Մեծ կորուստներ կրած թուրքական բանակը, փոխելով մարտավարությունը, շրջապատեց լեռը: Ֆրանսիական ռազմական նավի նավաստիները, նկատելով «Քրիստոնյաները վտանգի մեջ են. օգնություն» գրառումով դրոշը` ողջ մնացած հայերին տեղափոխեցին Եգիպտոսի Պորտ-Սաիդ նավահանգիստ: Այս նախաձեռնությանը գրեթե զուգահեռաբար միացան նաև բրիտանական նավերը`ընդհանուր առմամբ փրկելով 4200 մուսալեռցիների կյանք: Տեղահանված հայերը բնակություն հաստատեցին Լիբանանում, Այնճար գյուղում, իսկ մնացածը ապաստան գտան Հայաստանում` հիմնելով Մուսալեռ գյուղը:

 

Լուսանկարներ