ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Ինչպե՞ս աճուրդով գնել և վարձակալել հողամաս կամ գույք Երևանում

07.12.2018

Երևանի քաղաքապետարանը պարբերաբար հայտարարում և անցկացնում է համայնքին պատկանող հողամասերի և գույքի աճուրդներ, որոնց մասնակցել կարող են բոլոր ցանկացողները, այդ թվում՝ ինչպես անհատ քաղաքացիները, այնպես էլ կազմակերպությունները:


«2019 թվականի համար նախատեսում ենք լայնածավալ գույքային իրացումներ իրականացնել աճուրդների միջոցով, որը մեզ հնարավորություն կտա նախևառաջ առավել արդյունավետ կառավարել մեր գույքային ունեցվածքը: Մենք այսօր ունենք զգալի թվով համայնքի ենթակայության տակ գտնվող գույք, որը պարզապես չի կառավարվում կամ ոչ արդյունավետ է կառավարվում, ինչի արդյունքում մեր բյուջեն կորուստներ է ունենում: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն օտարման կամ վարձակալության դրված գույքը տնօրինել՝ միանգամայն ազատորեն կարող են մասնակցել աճուրդներին»,- նկատել է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

 

Ինչպե՞ս ծանոթանալ աճուրդների հայտարարություններին

 

Աճուրդների ներկայացված հողամասերի և գույքի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է քաղաքապետարանի պաշտոնական՝ Yerevan.am կայքում: Տեղեկատվություն կարող եք նաև ստանալ այցելելով քաղաքապետարան: Աճուրդների մասին հայտարարությունները տպագրվում են նաև մամուլում, տեղադրվում azdarar.am կայքում:

 

«www.yerevan.am կայքի «Տեղեկատվական կենտրոն» բաժնի գույքի և հողամասերի աճուրդներ ենթաբաժիններում ըստ ամիսների ներկայացված են աճուրդի ենթակա տարածքների ու շինությունները հայտարարությունները: Բացելով հղումը և ներբեռնելով տեղեկատվությունը՝ քաղաքացիները կտեղեկանան հողամասի կամ գույքի հասցեին, մակերեսին, նախնական արժեքին: Կից կգտնեք նաև սխեմաները», - մանրամասնում է աճուրդների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի քարտուղար Նաիրիա Տեր-Ստեփանյանը:

 

Աճուրդային յուրաքանչյուր փաթեթ նախքան հրապարակվելը երկար ճանապարհ է անցնում: Հողամասերի ընտրության հատուկ հանձնաժողովը յուրաքանչյուր տարածքի համար անցկացնում է մանրամասն ուսումնասիրություններ:

 

«Կազմվում է աճուրդային փաթեթը, որը ներառում է հողամասի գլխավոր հատակագիծը՝ տեղադիրքով, կառուցապատման սխեման, ելակետային տվյալները՝ ինչ գործառնական նշանակության, ինչ հարկայնության կարող է լինել տեղում կառուցվելիք շինությունը: Հենց այս պայմանների հիման վրա հաղթողը հետագայում պետք է ստանա շինթույլտվություն», - բացատրում է Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Պետրոս Ամպարջյանը:

 

Աճուրդի ներկայացված գույքը կամ հողամասը տեղում տեսնելու համար անհրաժեշտ է դիմել քաղաքապետարան, որպեսզի աշխատակիցների ուղեկցությամբ այցելեք և ծանոթանաք տարածքին:

 

Ինչպե՞ս մասնակցել աճուրդներին

 

Աճուրդին մասնակցելու համար նախ անհրաժեշտ է Երևանի քաղաքապետարան ներկայացնել մասնակցության հայտ:
Ուշադրություն. աճուրդին մասնակցելու համար սահմանված է մասնակցության վճար և կանխավճար: Մասնակցության վճարը սկսում է 10 հազար դրամից (այն տեղական տուրք է, որը սահմանվում է ավագանու որոշմամբ): Իսկ նախավճարի չափը սահմանվում է նվազագույն վաճառքի գնի առնվազն 5 տոկոսի չափով: Ի դեպ, աճուրդում չհաղթելու դեպքում, նախավճարը վերադարձվում է:

 

«Գիտեմ, որ նախկինում բավական դժգոհություններ կային, որ մարդիկ չեն կարողացել մասնակցել աճուրդներին, այս կամ այն պատճառով մերժվել են հայտերը, աճուրդի բացումից հետո էլ չեն կարողացել տնօրինել գույքը, որովհետև այն ապօրինի կերպով տնօրինվել է այլ սուբյեկտների կողմից: Այսուհետ ցանկացած գույք, որը կդրվի աճուրդի, վստահորեն կլինի 3-րդ իրավունքից ազատ»,- ընդգծել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

 

Ինչպե՞ս է կազմակերպվում աճուրդը

 

Հողամասերի աճուրդները կազմակերպվում են աճուրդի հայտարարությունը հրապարակելուց 30 օր, իսկ գույքի աճուրդները՝ 15 օր հետո:
Մասնակցության հայտ ներկայացրած քաղաքացիներն աճուրդի անցկացման օրը անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում են Երևանի քաղաքապետարան՝ մասնակցելու բուն աճուրդին: Ի դեպ, քաղաքացիների ներկայությունը պարտադիր է:

 

«Աճուրդն անցկացվում է դասական եղանակով: Հաղթողը որոշվում է ամենաբարձր գնային առաջարկի հիման վրա: Մոտեցումն այնպիսին է, որ վերջնական առաջարկը մոտ լինի շուկայական արժեքին, սակայն չգերազանցի այն: Եվ, ըստ էության, հողամասի կամ գույքի ձեռքբերումը ստացվում է ավելի մատչելի», - Նաիրա Տեր-Ստեփանյանը:
Աճուրդի անցկացումից հետո հաղթողը սահմանված ժամկետում պետք է կատարի վճարումները, որից հետո տրամադրվում է պայմանագիր:

 

Աճուրդները չկայանալու դեպքում նույն ընթացակարգով հողամասը կամ գույքը կարող է դրվել աճուրդի կամ էլ հանձնաժողովի որոշմամբ հանվել աճուրդից:

 

«Հստակ կարող եմ նշել, որ փոխվել է մոտեցումը և այն մեկն է՝ աճուրդի դրված յուրաքանչյուր գույք հասանելի է ցանկացած քաղաքացու կամ իրավաբանական անձի՝ բոլորովին համահավասար պայմաններով: Որևէ գերակայություն, նախապատվություն չենք ունենալու և, վստահեցնում եմ, որ շատ արագ արձագանքելու ենք բոլոր այն հնարավոր բացթողումներին, որոնք կարող են տեղի ունենալ աճուրդների գործընթացում»,- ընդգծում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player