Ինչպես պետք է օգտվել նոր վերելակներից

01.03.2021

Երևանի քաղաքապետարան «թեժ» գծով ստացված հերթական զանգը Աջափնյակից էր. նոր տեղադրված վերելակն էր խափանվել: Զանգերի հետքերով պատասխանատուները հասցե առ հասցե շրջում են՝ պարզելու խնդրի էությունը:

 

«Արդեն երկրորդ անգամ այս հասցեում նույն խնդիրն է առաջանում: Վերելակը հիմնականում խափանվում է, երբ բնակիչները ոտքով փորձում են, այսպես ասած, պահել, որ դռները չփակվեն: Մինչդեռ, եթե ուզում են սպասել ինչ-որ մեկի, ապա կարող են ներսից ձեռքը պահել դռան մոտ, որի ժամանակ աշխատում է սենսորային համակարգը և դռները բաց են մնում», -պարզաբանում է վերելակային ինժեներ Կարեն Կարապետյանը:

 

«Վերելակները դյուրազգաց են, հագեցած են էլեկտրոնային տարբեր սարքավորումներով և պահանջում են նուրբ շահագործում: Հաճախ հենց սխալ շահագործման հետևանքով վերելակները խափանվում են, և քաղաքացիները ստիպված ահազանգում են քաղաքապետարան»,-ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

 

Վերջին 2 տարում Երևանի քաղաքապետարանը 520 վերելակ փոխեց: Որպեսզի դրանք երկար ու անխափան աշխատեն, պետք է ճիշտ շահագործվեն: Մինչդեռ խափանումների հիմնական պատճառը մարդկային գործոնն է:

 

Դիմակներ, կոնֆետի թղթեր, ծխախոտի մնացորդներ. բնակիչները վերելակի հորանը, երբեմն էլ բուն խցիկը որոշ տեղերում օգտագործում են որպես աղբամուղ:

 

Վերելակները շենքերի բնակիչների ընդհանուր սեփականությունն են ու հենց նրանք են պատասխանատու իրենց գույքի համար:

 

Անկախ այն բանից վերելակը նոր է, թե հին, եթե այն չի աշխատում, ապա պետք է դիմել համատիրություն:

 

«Համատիրություններն իրենց հերթին դիմում են վերելակ սպասարկող այն ընկերությանը, որի հետ ունեն կնքած պայմանագիր: Մասնագետները մոտենում և կարգաբերում են»,- նշում է Արսեն Կարոյանը:

 

Երևանի քաղաքապետարանը, բնակիչների սոցիալական խնդիրները հաշվի առնելով, վերելակների փոխարինման ծրագիրն իրականացրեց բացառապես համայնքի բյուջեով: Բնակիչներին մնում է միայն դրանք խնամքով շահագործել:

Տեսանյութ

Ինչպես պետք է օգտվել նոր վերելակներից