Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Ռուսլան Բոյչենկոյի հետ

03.10.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Ռուսլան Բոյչենկոյի հետ: 

Ողջունելով հյուրին՝ Երևանի քաղաքապետը կարևորել է ուկրաինական քաղաքների և, մասնավորապես, մայրաքաղաք Կիևի հետ համագործակցության ամրապնդումը: 

«Մենք կարևորում ենք քույր և գործընկեր քաղաքների հետ համագործակցության խթանումը և պատրաստակամ ենք հետևողական աշխատանքներ տանելու՝ ուկրաինական քաղաքների հետ փոխգործակցությունն առավել գործնական դաշտ տեղափոխելու ուղղությամբ», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ Երևանի հիմնադրման օրվա՝ «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումներին մասնակցելու հայտ ներկայացրած ուկրաինական երեք քաղաքների պատվիրակությունների Երևան այցը լավ հնարավորություն կընձեռի նաև գործնական քննարկումներ ծավալելու համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և առանձնակի կարևորելով բարեկամական կապերի և համագործակցության Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը` Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Ռուսլան Բոյչենկոն ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանի և ուկրաինական քաղաքների միջև առավել առարկայական փոխգործակցություն ծավալվի:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ