Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի պատվիրակության անդամների հետ

11.10.2014

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան այցելած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում: Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը՝ մեկ անգամ ևս շեշտել է, որ Երևանը բաց և պատրաստակամ է քննարկելու փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված նոր առաջարկներ և նախաձեռնություններ. «Մեր փոխգործակցությունն այսօր զարգանում է 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում, և հաշվի առնելով ստեղծված աշխատանքային խմբերի փոխհամաձայնեցված և արդյունավետ աշխատանքը՝ վստահ եմ, որ մենք կունենանք այն արդյունքները, որոնք նախանշել ենք: Համոզված եմ նաև, որ մեր այս հանդիպումը ևս գործնական նոր որակ կհաղորդի Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը»,- ընդգծել է քաղաքապետը:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և փոխանցելով նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ջերմագին ողջույնները՝ փոխնահանգապետ Օլգա Կազանսկայան նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի օրվա կապակցությամբ, ապա նշել, որ Երևանի հետ հարաբերությունները Սանկտ Պետերբուրգի համար առանձնակի կարևորված են, ու ակնհայտ է, որ երկու քաղաքների փոխգործակցությունն իսկապես մեծ ներուժ ունի. «Երևանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն և վստահելի գործընկեր է, և մենք կարևորում ենք երկուստեք փոխգործակցության ընդլայնումը: Վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ Երևանը մեզ համար հարազատ է ոչ միայն որպես բարեկամ, այլ նաև որպես գործընկեր քաղաք, և մենք բարձր ենք գնահատում կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է մեր հարաբերություններում: Մենք միշտ մեծ սիրով ենք մասնակցում Երևանի օրվան նվիրված տոնակատարություններին ու վստահ ենք, որ հերթական անգամ հրաշալի տպավորություններով ենք վերադառնալու Սանկտ Պետերբուրգ»,- նշել է Օլգա Կազանսկայան:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ