Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է տոնական Երևանում

14.10.2017

Մայրաքաղաքի 28 բեմերում վաղ առավոտից մեկնարկած տոնական միջոցառումները համախմբել էին տարբեր տարիքի ու նախասիրությունների հազարավոր մարդկանց: Տոնական օրը համաքաղաքացիների հետ անցկացնելու և նրանց անձամբ շնորհավորելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան այցելած պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչների հետ միասին շրջել է մայրաքաղաքում: Շրջայցի ընթացքում քաղաքապետը եղել է բեմերի հարակից տարածքներում, հետևել կազմակերպված միջոցառումների ընթացքին և շնորհավորել տոնի մասնակիցներին՝ Երևանի ծննդյան 2799-րդ տարեդարձի առթիվ: 

Շնորհակալություն հայտնելով Երևանն առավել հարմարավետ ու բարեկարգ դարձնելուն ուղղված ամենօրյա աշխատանքի համար` բնակիչները նշել են, որ այդ հոգատարությունն ու հետևողականությունը նկատելի է նաև տոնական Երևանում: Տոնի մասնակիցները նաև նշել են, որ տոնն արդեն վերաճել է տոնախմբության և Սիրո քաղաք Երևանում ջերմության ու սիրո պակաս հաստատ չկա:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի և Երևանի հանդեպ դրսևորած սրտացավության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերը լինելու են շարունակական, և արվելու է հնարավորը, որ յուրաքանչյուր տարի մայրաքաղաքն իր ծննդյան օրը տոնի նոր ձեռքբերումներով:
Հյուսիսային պողոտայում Երևանի քաղաքապետին և այդ պահին պողոտայում գտնվողներին անակնկալ ֆլեշ-մոբերով հետաքրքիր պահեր են պարգևել փոքրիկ երևանցիները:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ