Քաղաքապետարանը ապօրինի ծառահատման փաստով դիմել է ոստիկանություն

01.11.2018

Ս.թ. հոկտեմբերի 31-ին ԶԼՄ-ներում տեղ էր գտել հրապարակում՝ մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում արձանագրված ծառահատումների մասին: Տեղի ունեցածի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ երիտասարդ տնկիների հատման փաստը դիտարկվում է որպես ապօրինի ծառահատում, քանի որ վարչությունը ծառահատման թույլտվություն որևէ մեկին չի տվել: Կատարվածի առնչությամբ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը դիմել է ոստիկանություն՝ մեղավորներին հայտնաբերելու և օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու նպատակով: Բացի այդ, դեպքի վերաբերյալ քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը տեղեկություններ է տրամադրել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ