Քաղաքաշինական խորհուրդը մերժեց փոքր կենտրոնում բարձրահարկ շենքերի նախագծային առաջարկները

10.07.2019

Բազմաբնակարան մի շարք շենքերի և բնակելի համալիրների էսքիզ-առաջարկներ են քննարկվել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի հերթական նիստում: 

Ակտիվ քննարկում է ծավալվել հատկապես Կորյունի փողոցի 23/2 հասցեում և հարակից հողամասերում բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի կառուցման նախագծի շուրջ: Նախագծի հեղինակները նշել են, որ տարիներ շարունակ միջոցներ են ներդրել տեղի տարածքները գնելու ուղղությամբ:
Խորհրդի անդամների մի մասը դեմ է արտահայտվել նախագծին՝ ընդգծելով քաղաքի փոքր կենտրոնի ծանրաբեռնվածությունն ու ճարտարապետական առանձնահատկությունները: Ոմանք էլ, հաշվի առնելով կատարված ներդրումները, առաջարկել են դիտարկել կառուցապատման հնարավոր այլ տարբերակներ:
Նիստը վարող Երևանի քաղաքապետ, խորհրդի նախագահ Հայկ Մարությանն անդրադարձել է կենտրոնի կառուցապատմանը:
«Ես հասկանում եմ, որ տարիներ շարունակ տարածքներ եք գնել, որտեղ հետագայում պատրաստվում էիք շենք կառուցել: Ցավում եմ, բայց դա մեր որոշումների համար հիմք չէ: Եթե չկա քաղաքապետարանի հետ պայմանագիր կամ փաստաթղթային որևէ այլ պայմանավորվածություն, ուրեմն մենք իրավահաջորդ չենք այն բանավոր պայմանավորվածությունների, որոնք եղել են նախկին իշխանությունների հետ, և չունենք որևէ պարտավորություն: Իսկ եթե պայմանգիր կա, ապա մենք պարտավոր ենք ի կատար ածել այն կամ էլ դիմել դատարան՝ պայմանագիրը լուծարելու համար»,-նշել է Հայկ Մարությանն ու հավելել, որ քաղաքապետարանն այսօր խրախուսում է մայրաքաղաքում շինարարության զարգացումը:
«Յուրաքանչյուրն, ով ուզում է շենք կառուցել և ներկայացնում է նորմերին համապատասխանող առաջարկ, ապա նրա համար կանաչ լույս է վառվում»,- նշել է քաղաքապետը:
Խոսելով կանաչ տարածքներում հնարավոր շինարարության մասին՝ քաղաքապետ Մարությանն ընդգծել է, որ, թեև վերջին շրջանում քաղաքապետարանը պարբերաբար ստանում է նման առաջարկներ, դրանք հնարավոր չէ իրագործել:
«Քանի դեռ քաղաքապետը ես եմ, կանաչ տարածքում կամ այգում շենք չի կառուցվելու»,-հատկանշել է Երևանի քաղաքապետը:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև Մաշտոցի պողոտա 8/6 հասցեում բնակելի համալիրի, Կ. Ուլնեցու փողոցի հ. 58/20 և հարակից հողամասերում բազմաբնակարան բնակելի համալիրի, ինչպես նաև նախորդ նիստում արդեն մեկ անգամ ներկայացված Պարոնյան փողոցի 15 հասցեին հարակից տարածքի վերաբերյալ էսքիզ-առաջարկները:
Խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ Երևանի փոքր կենտրոնում բազմաբնակարան պարագծային կառուցապատմամբ բնակելի թաղամասերում կետային բազմահարկ կառուցապատման նախագծային էսքիզ-առաջարկությունները չընդունվեցին:
Պարոնյան փողոցի 15 հասցեին հարակից հողամասերում շենքի վերամշակված նոր այլընտրանքային էսքիզ – առաջակի վերաբերյալ որոշեցվեց ընդունելի այլ առաջարկների մշակման հնարավորություն ընձեռել:
Կարևորելով քաղաքի համաչափ զարգացումը՝ Կ.Ուլնեցու փողոցի հ.58/20 հասցեի վերաբերյալ ներկայացված առաջարկը հայեցակարգային առումով ընդունվեց, սակայն ճարտարապետական լուծումների և հարկայնության որոշակի վերապահումներով:
Խորհրդի որոշմամբ Ալիխանյան եղբայրների փող. հ 6/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի նախագիծ-առաջարկն էլ կներկայացվի հանրային քննարկման:

 

Լուսանկարներ

Տեսնել ավելին