«Քաղաքացու որևէ հարց անպատասխան չի մնալու». Երևանի փոխքաղաքապետերն ու գլխավոր ճարտարապետն ընդունել են բնակիչներին

07.12.2018

Մայրաքաղաքի բնակիչներին հուզող խնդիրներին ծանոթանալու և բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով Երևանի քաղաքապետարանում շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը: Այս անգամ բնակիչներին ընդունել են փոխքաղաքապետեր Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Եկամուտների հաշվառման և գանձման, գնումների ու ֆինանսական ոլորտները համակարգող Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն առանձնացրել է այն հիմնական ուղղությունները, որոնցով հնարավոր է լուծումներ տալ բարձրացվող խնդիրներին: Որոշ հարցեր տեղում ստացել են պարզաբանումներ ու պատասխաններ:
Կարևորելով քաղաքացիների հետ մշտական կապի ապահովումը՝ առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման ու գովազդի ոլորտները համակարգող փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ըստ ոլորտների ներկայացրել է քաղաքապետարանի մոտեցումներն ու վստահեցրել, որ բնակչի որևէ հարց անպատասխան չի մնալու:
Երևանի գլխավոր ճարտարապետի մոտ քաղաքացիներն ընդունելության էին եկել քաղաքաշինական ու շինթույլտվությունների տրամադրման խնդիրներով: Արթուր Մեսչյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ապօրինի շինարարության ու հողազավթումների հանդեպ քաղաքապետարանի վերաբերմունքը հստակ է. այլևս դրանք չեն օրինականացվելու: Միևնույն ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետը նշել է, որ քաղաքապետարանը լինելու է բնակիչների գործընկերն ու սատարողը՝ օրինական ճանապարհով շինարարություն կատարելու գործում:
Քաղաքացիների ընդունելությունները կրելու են պարբերական բնույթ:

Լուսանկարներ

Տեսնել ավելին