Քննարկվել են Երևանի և Բուխարեստի միջև փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

27.01.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Պետական հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով Երևան այցելած Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանի և Ռումինիայում Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանի հետ: Առանձնակի կարևորելով դեռևս 2013թ.-ին Երևանի և Բուխարեստի միջև ստորագրված մտադրությունների հուշագիրը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նշել է, որ այսօր համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում արդյունավետ փոխգործակցություն ծավալելու համար:

 

«Մենք բաց ենք և պատրաստակամ խորացնելու փոխշահավետ համագործակցությունը Բուխարեստի հետ: Ըստ այդմ, հայ–ռումինական հարաբերությունների զարգացման համատեքստում մենք կարևորում ենք Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի, ինչպես նաև Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի դերը: Համոզված եմ, որ նաև Ձեր աջակցության շնորհիվ երկուստեք գործակցությունն իսկապես կլինի արդյունավետ ու հաջողված քաղաքային տնտեսությանն առնչվող ամենատարբեր ոլորտներում», - նշել է Տարոն Մարգարյանը՝ առանձնակի շնորհակալություն հայտնելով նաև Ռումինիայում Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանին հայանպաստ գործունեության համար:

 

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ջերմ ընդունելության համար՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին:

 

«Վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ կանեմ հնարավորը երկու երկրների մայրաքաղաքների միջև բազմոլորտ համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար: Ռումինիայի հայ համայնքն իսկապես ծանրակշիռ դերակատարում ունի և նույնպես շահագրգիռ է երկու երկրների քաղաքների սերտ համագործակցության հարցում»,- ընդգծել է Համլետ Գասպարյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև իր ջերմ ողջույններն է փոխանցել գործընկերոջը՝ Բուխարեստի քաղաքապետ Սորին Միրչեա Օպրեսկուին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ