Խաղաղության վազքով Մարսելից Երևան հասած Արա Խաչադուրյանը հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում

21.07.2018

«Խաղաղության վազք» անվանմամբ նախաձեռնության հեղինակ Արա Խաչադուրյանը, ով օրական վազելով 50 կմ և անցնելով 8 երկրի 150 քաղաք, Մարսելից հասել է Հայաստան, հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում: Մոտ 5000 կմ տարածությունը վազքով հաղթահարելու նախաձեռնությունը նրա հերթական մտահղացումն է, որին նախորդել էր 2016թ. աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը, նվաճելը:

Երևանի քաղաքապետարանում ֆրանսահայ հյուրին դիմավորել են Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցների սաները: Արա Խաչադուրյանն այնուհետև այցելել է Երևան քաղաքի պատմության թանգարան, որտեղ ողջունելով նրան, Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը նշել է նաև, որ Երևանի և Մարսելի միջև բազմակողմ համագործակցությունը տասնամյակների պատմություն ունի: Քաղաքապետի օգնականը, հիշեցնելով, որ այս տարի նշվում է մեր մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակը, հոբելյանը խորհրդանշող հուշանվերներ է հանձնել ֆրանսահայ հյուրին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին