ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Մանկապարտեզներից վերցրած տարածքները վերադարձվում են և օգտագործվում նպատակային

12.03.2020

Երևանի հ.119 մանկապարտեզում հերթագրված 100 երեխայից 33-ն արդեն հաճախում է մանկապարտեզ: Բացված նոր խմբասենյակն ավելի քան 10 տարի անհատույց օգտագործման էր տրված: 

«Երկար տարիներ տարածքը հանձնված էր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը՝ որպես գրասենյակ: Պայմանագիրը լրանալուց հետո Երևանի քաղաքապետարանը պայմանագիրն այլևս չերկարացրեց՝ հնարավորություն տալով տասնյակ երեխաների մանկապարտեզ հաճախել: Խմբասենյակը, որը մոտ 140 քմ է, նորոգվել է քաղաքապետարանի բյուջեով: Այն նախատեսված է կրտսեր խմբի երեխաների համար»,-ասում է Երևանի հ.119 մանկապարտեզի տնօրեն Նելլի Աղումյանը:
«Այն բոլոր տարածքները, որոնք համայնքից վերցրել են և օգտագործվում են, մենք պետք է վերադարձնենք և օգտագործենք նպատակային: Այսինքն՝ մանկապարտեզներում պետք է բացենք նոր խմբասենյակներ: Մեր հաշվարկներով՝ այսօր շուրջ 250 նոր խմբասենյակ բացելու անհրաժեշտություն կա, որպեսզի կարողանանք հերթագրման գործընթացը հասցնել զրոյի»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Առանձնացված ննջասենյակ, խաղասենյակ, սանհանգույց ու խոհանոցային հատված: Տարածքն այժմ լիովին ծառայում է երեխաների կրթության և հանգստի նպատակին: Խմբասենյակը կահավորվել է նոր ու հարմարավետ գույքով: Մանկապարտեզում նոր խմբի բացմանն անհամբեր սպասում էին ծնողները:
Տարիների ընթացքում համայնքը տարբեր կազմակերպությունների անհատույց օգտագործման է տվել շուրջ 13 հազար քմ տարածք: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ավելի քան 6 հազարը քմ-ն արդեն վերադարձվել է համայնքին: Դրանք հերթով կնորոգվեն ու կհանձնվեն մանկապարտեզներին:
«Համայնքային տարածքներն զբաղեցրած մի շարք կազմակերպությունների ժամկետներն ավարտվել կամ ավարտվում են: Պայմանագրերը երկարացնելու համար նրանք կդիմեն ավագանուն: Եթե վերջինս նպատակահարմար չգտնի, ապա այդ տարածքները ևս կվերադարձվեն, և կծառայեցնենք մեր երեխաների համար»,-ընդգծում է փոխքաղաքապետը:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player