Մարտի 1-ի հուշարձանը մարմին է ստանում

07.09.2020

2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը կամաց-կամաց մարմին է ստանում: Առայժմ քանդակագործ Ալբերտ Վարդանյանը կերտում է նախնական կավե օրինակը: 

«Գիպսային աշխատանքներից հետո աշխատանքը կգնա ձուլարան՝ Եկատիրինբուրգ: Քանդակն ամբողջությամբ բրոնզից է լինելու, կլինեն նաև քարային լուծումներ»,-ասում է արվեստագետը:
Նախագիծն իրականացվում է Կառավարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ: Երևանի քաղաքապետարանն ամիսներ առաջ բաց մրցույթ էր անցկացրել:
Հուշարձանը նախատեսվում է տեղադրել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի՝ Բեյրութի փողոցից Զաքյան փողոց ձգվող ցանկապատի հենապատերի միջնամասում. Երևանի ավագանու առաջիկա նիստում վերջնական որոշում կկայացվի:
Մինչ այդ ավագանու անդամները հանդիպել են հեղինակին, հետաքրքրվել աշխատանքի ընթացքով:
«Հուշարձանը արտացոլում է այն հույսն ու հեռանկարը, որ նման իրավիճակները պետք է այլևս չկրկնվեն»,-նշում է Երևանի ավագանու անդամ Գրիգորի Երիցյանը:
«Անհանգստությունը, ցավը, մարդկային փնտրտուքը, մարտիմեկյան իրադարձությունների ձայներն ու բոլոր զգացողությունները փոխանցում է հուշարձանը»,-նշում է Երևանի ավագանու անդամ Սաթենիկ Մկրտչյանը:
Հեղինակը հիշեցնում է՝ կոնկրետ նմանություններ մի փնտրեք, արվեստը սիմվոլիզմ է:
Մասնագիտական կարծիքներից զատ, նախագծին դեռ տարեսկզբին ծանոթացել ու հավանություն էին տվել նաև մարտի 1-ի զոհերի հարազատները:
Ալբերտ Վարդանյանն արվեստանոցում է անցկացնում օրվա մեծ մասը՝ հուշարձանը մարտի 1-ին իր տեղում տեսնելու համար:

Տեսանյութ

Մարտի 1-ի հուշարձանը մարմին է ստանում