Մայրաքաղաքի կանաչ կերպարը կփոխվի. նոր մոտեցումներ՝ կանաչապատման ոլորտում

16.01.2019

Նոր կերպար, նոր մոտեցումներ՝ Երևանի կանաչապատման ոլորտում և ծրագրային հստակ քաղաքականություն՝ տարբեր ուղղություններով: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Խաչիկ Հակոբյանը խոսել է 2019թ. ու հետագա տարիներին նախատեսված քաղաքի կանաչապատման ծրագրերի մասին: Մասնավորապես, այսուհետ Երևանի փողոցներում կատարվող ծառատունկի համար նոր չափանիշներ կկիրառվեն. կտնկվեն առնվազն 4 սմ տրամագծով, 2-3 տարեկան տնկիներ և բացառապես այն հատվածներում, որտեղ կա ոռոգման համակարգ: Կանաչապատմանը զուգահեռ՝ կստեղծվեն ոռոգման նոր համակարգեր. այս տարի նախատեսվում է շուրջ 5 կմ ոռոգման նոր ցանց կառուցել: 5 տարում Երևանում կտնկվի 500 հազար ծառ, ոչ միայն փողոցներում, այլև անտառ-պուրակներում: Մասնավորապես, այդպիսի նոր տարածք կստեղծվի Նուբարաշենի աղբավայրին հարող հատվածում. ավելի քան 20 հեկտարում կտնկվեն բարձրարժեք բազմամյա  թփեր և ծառեր: Հեռանկարում նախատեսվում է անտառ-պուրակի սահմաններն ընդլայնել և ներառել ներկայիս աղբավայրը՝ վերջինիս ծածկումից հետո:
Քաղաքի կանաչ կերպարը կփոխվի այն իմաստով, որ կտնկվեն նոր՝ ծաղկող ծառեր և թփեր, կլինեն նաև մի քանի նոր ծաղկատեսակներ:
Նախատեսվում է զարգացնել ուղղաձիգ կանաչապատումը՝ պատերի, վերգետնյա անցումների, պատշգամբների ու այլ հատվածների վրա: Քաղաքի հոբելյանի առիթով Երևանին նվիրված 2800 արծաթափայլ եղևնիները կպահվեն հատուկ տարածքում այնքան ժամանակ, մինչև մասնագետները որոշեն, որ դրանք կարող են ապրել «ինքնուրույն» ու կտնկվեն արդեն իրենց տեղերում: Խաչիկ Հակոբյանի խոսքով՝ էական է, որ քաղաքը սեփական բարձրարժեք բուսատեսակներ ունենա: Ըստ այդմ, կզարգացվեն տնկարանային և ջերմոցային տնտեսությունները: Այժմ համայնքն ունի 20 հեկտար տնկարաններ, այդ թվում՝ 6000 քմ ջերմոցային տնտեսություն: Նոր մոտեցմամբ կիրականացվի նաև ծառերի էտը, ընդ որում, էտված ճյուղերն ու փայտանյութը կմանրացվի և կօգտագործվի կանաչապատման ոլորտում:
Երևանը կհրաժարվի այն ծառատեսակների կրապատումից, որոնց համար դա անհրաժեշտ չէ, կկրապատվեն միայն դրա կարիքն ունեցող ծառատեսակները: Այս առումով 2019-ը կլինի անցումային, ընթացքում հետևություններ կարվեն՝ որոշելու հետագա տարիներին կրապատման նպատակահարմարությունը:
Կկանաչապատվեն և կձևավորվեն Դավթաշեն-Աշտարակ նոր ճանապարհահատվածին, ինչպես նաև Մոնթե Մելքոնյան մայրուղուն հարող հատվածները: Հիմնանորոգվող մանկապարտեզների, դպրոցների և հանրային այլ կառույցների, նաև բակային տարածքներում ամբողջական կանաչապատում կիրականացվի, Հրազդանի կիրճն ու Երևանյան լճին հարող տարածքը կմաքրվեն: Երևան կբերվի 8500 խմ բուսահող, և հողային հատվածը կվերականգնվի սիզամարգային հատվածներում:
Օպերայի տարածքում քաղաքային իշխանության մոտեցումը ևս հստակ է: Սրճարանների փոխարեն քաղաքի ամենակենտրոնում արդեն այս տարի կկառուցվի նոր պուրակ: Կվերստեղծվի շուրջ 1 հեկտար կանաչ տարածք՝ նոր լուծումներով, բարձրարժեք ծառատեսակներով: Պուրակի նախագծման աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Լուսանկարներ