Մայրաքաղաքում ամանորյա տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն

22.12.2014

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման և արտաքին լուսավորության ապահովման հիմնական աշխատանքներն ավարտված են: Լավագույն ձևավորման համար քաղաքացիներն ու տնտեսվարողները քաղաքապետարանի կողմից կպարգևատրվեն: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ վարչական բոլոր շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում տեղի կունենան տոնական մի շարք միջոցառումներ, որոնց մեկնարկը կազդարարվի այսօր երեկոյան ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի լույսերի միացմամբ: Դեկտեմբերի 23-ին, ժամը 17:00-ին էլ տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացումը:
Տոնական օրերին բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու և համապատասխան լուծումներ տալու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին հանձնարարել է շուրջօրյա հերթապահություն սահմանել: Հսկողություն կսահմանվի նաև հասարակական տրանսպորտի, մասնավորապես՝ ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի և Երևանի մետրոպոլիտենի կանոնավոր աշխատանքն ապահովելու ուղղությամբ: Առողջապահական և շտապբուժօգնության ծառայությունների պատասխանատուներին ևս քաղաքապետը հանձնարարել է ապահովել օպերատիվ աշխատանք: Հերթապահություն կսահմանվի նաև կրթական հաստատություններում՝ ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքի ապահովման նպատակով:
«Շուրջօրյա հերթապահություն սահմանեք նաև տոնական օրերին հնարավոր տեղումների դեպքում ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: Նախապես լրացուցիչ իրազեկեք նաև տնտեսվարողներին, որպեսզի հնարավոր տեղումների ժամանակ ապահովեն պարտադիր բարեկարգման իրենց պայմանագրային պարտավորությունների կատարումը»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով բարձրացվող հարցերի և դրանց տրվող պատասխանների հետ կապված՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ընդհանուր առմամբ 303 հեռախոսազանգ է ստացվել, որից լուծում է ստացել 227 հարց, իսկ բարձրացված մյուս հարցերի լուծումն ընթացքում է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է տոնական օրերին ևս ապահովել «թեժ գծերի» հեռախոսահամարների աշխատանքն ու, ըստ անհրաժեշտության, օպերատիվ արձագանքել բնակչության կողմից բարձրացվող խնդիրներին:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի երկրորդական և երրորդական փողոցներում շարունակվում են փոսալցման աշխատանքները: Անդրադառնալով չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում 180 վարչական արձանագրություն է կազմվել: Իրավախախտում կատարող քաղաքացիների լուսանկարները սոցիալական ցանցերում հրապարակելու շուրջ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին կատարված հղման հետ կապված՝ իրավաբանական վարչության պետն ընդգծել է, որ լուսանկարման միջոցով «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրավախախտման փաստի ամրագրումը և´ ապացուցողական, և´ կանխարգելիչ նշանակություն ունի և որևէ պարագայում զանցառուի լուսանկարը չի կարող որակվել որպես անհատական տվյալ: Նաև ընդգծվել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հրապարակվելու են միայն զանցառուների լուսանկարներ` առանց տվյալ անձի անուն, հայրանուն և ազգանուն հրապարակելու, ինչը դիտվում է որպես վարչական իրավախախտման կանխարգելման անհրաժեշտ և արդյունավետ գործիք:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ակտիվորեն շարունակել այս ուղղությամբ աշխատանքները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Տեսանյութ

Մայրաքաղաքում ամանորյա տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն
Տեսնել ավելին