Մայրաքաղաքում անց է կացվել «Երևանյան կիսամարաթոնը»

16.10.2017

Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համատեղ ջանքերով արդեն երրրոդ անգամ մայրաքաղաքում անց է կացվել ավանդական դարձած «Երևանյան կիսամարաթոնը»։ Կիսամարաթոնի նպատակներն են` խթանել առողջ ապրելակերպը, նպաստել մայրաքաղաքում մարզական զբոսաշրջության զարգացմանը, ամրապնդել սփյուռքահայ մարզիկների կապը հայրենիքի հետ:
«Երևանյան կիսամարաթոնը» մեկնարկել է Շահումյանի անվան հրապարակից` ընդգրկելով 21,1 կմ վազքատարածություն հետևյալ ուղերթով՝ Հանրապետության հրապարակ, Նալբանդյան, Վարդանանց, Մանուկյան, Իսահակյան փողոցներ, Կասկադ համալիր, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պարոնյան, Ձորափի փողոցներ (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճ, Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի փողոցներ և վերջնագիծը՝ Վազգեն Սարգսյան փողոց: Մասնակիցների համար ըստ տարիքային խմբերի սահմանվել են 4 տարբեր մրցուղիներ՝ 21,1 կմ՝ 18 և ավելի տարեկանների համար, 10 կմ՝ 16 և ավելի տարեկանների համար, 5 կմ՝ 13 և ավելի տարեկանների համար, և 1 կմ՝ 7-12 տարեկանների համար, իսկ 5 կմ վազքատարածությանը մասնակցել են նաև հաշմանդամ վազորդներ: Մրցավազքին մասնակցել է շուրջ 2000 վազորդ՝ 33 երկրներից: Մրցուղիներում առաջին երեք տեղերն զբաղեցրած մասնակիցներն ստացել են դրամական պարգևներ, իսկ բոլոր մասնակիցները՝ վազքի շապիկներ և մեդալներ։
«Երևանյան կիսամարաթոնը» Մարաթոնների և վազքի միջազգային միության (AIMS) կողմից ստացել է միջազգային կարգավիճակ: Կիսամարաթոնի գլխավոր հովանավորն է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը, աջակիցներն են՝ «Կոնվերս բանկը», «Բարրի», «ՇոփԻն», «TriClub Երևան» և մի շարք այլ ընկերություններ, ինչպես նաև Հայաստանի վազքի ակումբները։
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ անկացվող կիսամարաթոնը մշտապես սատարել է մանկական հաշմանդամության, անապահով ընտանիքների օգնության և կրթական ուղղվածություն ունեցող բարեգործական ծրագրերին։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին