Մայրաքաղաքում շարունակվում են մայթերի սալապատման աշխատանքները

06.08.2013

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի տարեկան ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում նախատեսված է իրականացնել շուրջ 25000 քմ մակերեսով մայթերի սալապատման աշխատանքներ:
Այս պահի դրությամբ ծրագիրն ավարտվել է գրեթե 70 տոկոսով` ընդգրկելով 16000 քմ տարածք: Գարնանից մեկնարկած աշխատանքների արդյունքում հատվածաբար նորերով են փոխարինվել Աբովյան, Արամի, Չարենցի, Տերյան, Ամիրյան, Կորյուն, Սարյան, Խորենացի, Թումանյան փողոցների, Մաշտոցի, Բաղրամյան, Սայաթ-Նովայի պողոտաների և Դավթաշենի այգու բետոնե սալիկները: Որոշ հատվածներում վերատեղադրվել, հարթեցվել ու ամրացվել են նախկին սալիկները` այդպիսով ի չիք դարձնելով նաև կոտրված կամ վնասված սալիկների հետևանքով վնասվածքներ ստանալու հավանականությունը:
Փոխվել են նաև Շառլ Ազնավուրի անվան հրապարակի, Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածքի, Ս. Սարգիս և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներ տանող ճանապարհների սալիկները: Տեղադրման համար օգտագործվում են 6.0 սմ հաստությամբ բետոնե սալիկներ, որոնց որակը պարտադիր պետք է բավարարի մրցույթով սահմանված տեխնիկական պահանջներին: Մայթերի սալապատման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2013 թվականի 3-րդ եռամսյակում:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ