Մայրաքաղաքում շարունակվում են մշակութային օջախների հիմնանորոգման աշխատանքները

01.07.2016

 Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետը հետևել է նաև մշակութային օջախների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Քաղաքապետարանի տարեկան ծրագրով հարմարավետ պայմաններ կապահովվեն «Զարթոնք» մանկական գեղարվեստական դաստիարակության, Աջափնյակի մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործական կենտրոններում ու Անահիտ Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցում: Քաղաքապետին զեկուցվել է, որ հիմանորոգման ծրագրով վերոնշյալ կրթօջախներում կապահովվեն անհրաժեշտ բոլոր պայմանները՝ մշակութասեր սերունդ կրթելու և դաստիարակելու համար:

 Օգտվելով առիթից՝ մշակութային կենտրոնների տնօրենները նաև կրթօջախներ հաճախող սաների ծնողների շնորհակալությունն են փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մշակութային օջախների հանդեպ ցուցաբերվող հետևողական ուշադրության համար: Քաղաքապետն էլ իր հերթին վստահեցրել է, որ նախանշված բոլոր ծրագրերը լինելու են շարունակական բոլոր վարչական շրջաններում և այն խնդիրները, որոնք առաջադրվել են բնակիչների կողմից , հետզհետե կստանան լուծումներ:
 Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ բոլոր ոլորտներում իրականացվող աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:
 «Աջափնյակ վարչական շրջանում այս տարի մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում ինչպես մշակութային օջախների հիմնանորոգման, այնպես էլ բակային տարածքների բարեկարգման ուղղությամբ: Համաչափ զարգացման համատեքստում՝ մեր կողմից խնդիր է դրված հարմարավետ պայմաններ ապահովել բոլոր վարչական շրջաններում: Դեռ անելիքներ, իհարկե, կան, և մենք բոլոր ոլորտներում հետևողականորեն պետք է շարունակենք ծրագրային աշխատանքները՝ մեր համաքաղաքացիների համար օր առաջ ավելի բարեկարգ միջավայր ապահովելու նպատակով», - նշել է Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Մայրաքաղաքում շարունակվում են մշակութային օջախների հիմնանորոգման աշխատանքները
Տեսնել ավելին