Մեսչյան. «Կոնդի վերակառուցման հայեցակարգի մշակման հանձնաժողովի աշխատանքներում կներգրավվեն նաև բնակիչները»

17.05.2019

Երևանի՝ կանգուն մնացած ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի խնդիրը տասնամյակներ շարունակ չի լուծվել՝ ավելի ու ավելի մեծ խնդիր դառնալով թաղամասի բնակիչների համար: Այստեղ չկան կենցաղային տարրական պայմաններ, այդ թվում՝ կոյուղագիծ: Բնակիչներն իրենց խնդիրներով այսօր հավաքվել էին քաղաքապետարանի առջև, մասնավորապես պահանջելով իրենց տարածքների նոր ու ճշգրիտ չափագրում: 

Նրանց ընդունեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Բնակիչների պնդմամբ՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում առկա չափագրման տվյալները չեն համապատասխանում փաստացի չափերին: Ոմանք սեփական միջոցներով պատվիրել են լրացուցիչ չափագրում, սակայն Կոմիտեն այդ տվյալները չի ընդունել:
«Կատարվել են թերի չափագրումներ, և հիմա մենք պահանջում ենք, որ կատարվի լրացուցիչ չափագրում: Կան նաև տներ, որ ընդհանրապես ներառված չեն տվյալների որևէ համակարգում: Մի շարք տներ ու տարածքներ էլ մինչ օրս չեն սեփականաշնորհվել, և առկա են միայն վարձակալության պայմանագրերը, մինչդեռ օրենսդրությամբ դրանք վաղուց պետք է փոփոխված և սեփականաշնորհված լինեին»,-նշեց բնակիչներից Նաիրա Երեմյանը:
«Կոնդը փոքր քաղաք է, և մինչև ճշգրտումներ չարվեն, չի կարող որևէ նախագիծ լինել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Կոնդի որևէ բնակիչ չտուժի: Դրա համար այժմ քննարկում ենք և ուզում ենք գտնել տարբերակներ, որից կշահեն և՛ բնակիչները, և ՛ քաղաքը»,-ընդգծեց Արթուր Մեսչյանը:
Կոնդն ամբողջությամբ հանրային գերակա շահ ճանաչելու գաղափարին բնակիչների զգալի մասը դեմ է, հատվածաբար կառուցապատման միտքն ավելի ընդունելի են համարում: Կոնդեցիներն իրենք էլ են ցանկանում, որ քաղաքը զարգանա, նաև կառուցապատվի, սակայն չանտեսվեն իրենց իրավունքները: Բացի այդ, ըստ նրանց, պետք է պահպանվի քաղաքի կոլորիտն ու պատմական կերպարը:
Բնակիչները խոսեցին նաև մի շարք այլ խնդիրների մասին:
Երևանի գլխավոր ճարտարապետը տեղեկացրեց, որ կձևավորվի Կոնդի վերակառուցման հայեցակարգը մշակող հանձնաժողով, որի աշխատանքներում կներգրավվեն ինչպես պատմաբաններ, մշակույթի գործիչներ, այնպես էլ՝ բնակիչներ: Հայեցակարգի մշակումից հետո միայն ճարտարապետները կանցնեն նախագծային փուլին:
«Մեկ կամ մի քանի օրում այս բոլոր հարցերին պատասխանել, իհարկե, չենք կարող, սակայն մանրամասն ուսումնասիրելուց հետո կկազմակերպենք մեր հաջորդ հանդիպումը»,-ասաց Մեսչյանը:

Տեսանյութ

Մեսչյան. «Կոնդի վերակառուցման հայեցակարգի մշակման հանձնաժողովի աշխատանքներում կներգրավվեն նաև բնակիչները»