ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Մշակութային Երևանը՝ ՌԴ մշակութային մայրաքաղաքում. ավարտվեց քաղաքապետի այցը Սանկտ Պետերբուրգ

22.06.2019

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի պատվիրակությունը պաշտոնական այցի երկրորդ օրը այցելել է Պիսկարյովյան հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Լենինգրադի շրջափակման զոհերի հիշատակին: Այս հուշահամալիրում են գտնվում Բլոկադայի ժամանակ զոհված ավելի քան 420 հազար լենինգրադցիների և 70 հազար զինվորների 186 եղբայրական գերեզմանները: Քաղաքապետ Հայկ Մարությանը և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան պատվիրակության անդամների հետ միասին այցելել են նաև Պիսկարյովյան հիշատակի ճեմուղի, որտեղ ծաղիկներ են խոնարհել Լենինգրադի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարին:
Երևանի քաղաքապետը նաև գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

 

***

 

Այնուհետ երևանյան պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել մեծ երգահան Կոմիտասի հիշատակին: Վարդապետի հուշարձանը Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի (Վասիլեաստրո'վսկի) վարչական շրջանում տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերին:

 

***

 

Երևանի օրերը նշելու ընթացքում Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի: 18-րդ դարի երկրորդ կեսին Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար, ականավոր գործիչ Հովհաննես Լազարյանի նախաձեռնությամբ և համայնքի նվիրատվություններով կառուցված տաճարն այսօր Սանկտ Պետերբուրգի հայերի մշակութային ու հոգևոր կենտրոնն է:

 

***

 

Մշակութային միջոցառումների շրջանակում Ա. Ա. Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում կայացել է Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» ինքնակենսագրական մենաներկայացումը: Հանդիսատեսը ներկայացման շնորհիվ ծանոթացել է արցախյան պատերազմի տարիներին հեղինակի մանկության պատմությանը:

 

***

 

Երևանի օրերի միջոցառումների ծրագիրը Սանկտ Պետերբուրգում ամփոփվել է Երևանի քաղաքապետի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ: Արարողությանը մասնակցել են Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովը, կառավարության անդամներ, գիտության, արվեստի և մշակույթի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Պաշտոնական ընդունելության ժամանակ պետերբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանը հանդիսավոր կերպով քաղաքապետ Հայկ Մարությանին է հանձնել Երևանի 2800-ամյակի դրոշը, որը 195 օր եղել է տիեզերքում` միջազգային տիեզերական «Միր» կայանում:

x

Alternative content

Get Adobe Flash player